2021թ. մարտի 6-ին «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին եւ ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) Էրազմուս+ Կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում եռօրյա աշխատաժողովի երրորդ օրը մասնակիցների հետ հանդիպեցին եւ ելույթ ունեցան ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ՀՀՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Աղգաշյանը, Սինոփսիս Արմենիա կրթական դեպարտամենտի տնօրեն Վազգեն Մելիքյանը եւ ոլորտի այլ պատասխանատուներ:
ՀԱԱՀ ռեկտորը ՀԱԱՀ օրինակով ներկայացրեց համալսարան-արդյունաբերություն գործակցության փորձը՝ ՄԿՈՒ, բարձրագույն կրթության եւ կարճաժամկետ ու միջնաժամկետ ծրագրերի շրջանակներում: Պարոն Ուռուտյանը նշեց, որ ՀԱԱՀ 2018թ.-ից սկիզբ առած բարեփոխումներն ուղղված են համալսարանի՝ ագրոտեխնոլոգիական ուսումնագիտական գերազանցության կենտրոնի վերափոխմանը` խթանելով գյուղատնտեսական կրթության, գիտության, խորհրդատվության եւ արտադրության ներդաշնակ փոխգործակցությունը: ՀԱԱՀ ռեկտորը նշեց, որ Ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի օրինակով ՀԱԱՀ բակալավրիատի բոլոր ծրագրերում իրականացվում է մեկ կիսամյակ փորձուսուցման (դուալ) մոտեցումը: Ներկայացրեց աշխարհում գոյություն ունեցող համալսարան-արտադրություն այլ մոդելների լավագույն փորձը, որոնց որոշ մասը ՀԱԱՀ-ում արդեն կիրառվում է, իսկ այլ մոդելներ էլ պլանավորման եւ ներդրման փուլում են:
Ռեկտոր Ուռուտյանը խոսեց նաեւ խոչընդոտներից, որոնցից են օրինակ Աշխատանքային օրենսգրքի բացերը, որոնց հետեւանքով չեն կարգավորվում վճարովի փորձուսուցման իրավահարաբերությունները:
Ներկայացնելով ՀԱԱՀ-արդյունաբերություն համագործակցությունը, ռեկտորը խոսեց ասպիրանտական թեզերի մասին, որոնք ոչ միայն ներդրվել են, այլեւ հաջողությամբ կիրառվում են: Ներկայացրեց նաեւ արտադրողների կողմից համալսարանի անձնակազմի վերապատարստման, կարճաժամկետ եւ միջնաժամկետ ծրագրերի մասին, որոնց շրջանակներում արտադրության ոլորտի մասնագետները գալիս են վերապատրաստվելու, ինչպես նաեւ վերաորակավորվում են որպես մասնագետներ եւ մուտք գործում աշխատաշուկա:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարը խոսեց գիտության եւ տնտեսության կապի մասին, շեշտելով, որ ԿԳՄՍ նախարարության հետ քայլ են կատարում մասնավոր բիզնեսին ծրագրեր ներկայացնելու ուղղությամբ: Ակնհայտ է, որ գիտական միտքն օգնում է բիզնեսին, եւ պետական քաղաքականությունը պետք է աջակցի այս կապի ամրապնդմանը:
ARMDOCT ծրագիրը նպատակ ունի բարեփոխելու եւ միջազգայնացնելու դոկտորական կրթությունը Հայաստանում քաղաքականության, իրավակարգավորիչ փաստաթղթերի, հաստատութենական ընթացակարգերի վերանայման, բուհերի և գիտահետազոտական հաստատությունների եւ արդյունաբերական ոլորտի սերտ համագործակցության միջոցով: