ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի Անասնաբուժություն մասնագիտության 3-րդ եւ 4-րդ կուրսերի ուսանողներից կազմված թիմը պատվավոր առաջին տեղն է գրավել Մասնագիտական կրթության եւ ուսուցման (ՄԿՈՒ) զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակում միջին մասնագիտական 7 հաստատությունների սովորողների միջեւ կայացած մրցույթում, որը տեղի է ունեցել Գորիսում: Շնորհավորելով այս հաջողության առթիվ, քոլեջի տնօրեն Արմեն Աղասարյանը գոհունակությամբ նշում է, որ մեր սաները ցուցաբերել են բավականին խորը ոլորտային գիտելիքներ, որը քոլեջի մանկավարժների լավ աշխատանքի արդյունքն է:
Վերոնշյալ ծրագիրն իրականացնում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն՝ Կիրառական գիտությունների Բեռնի համալսարանի գյուղատնտեսության, անտառային եւ պարենային գիտությունների դպրոցի (HAFL) հետ համատեղ, HEKS/EPER կազմակերպության աջակցությամբ:
Մրցույթին հետեւել են ՀԱԱՀ-ում կազմակերպված բաց դասերը՝ Գորիսի պրոֆեսոր Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի եւ ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի «Կաթի եւ կաթնամթերքի տեխնոլոգիա» ու «Անասնաբուժություն» մասնագիտությունների 8 դասախոսի համար: Ի դեպ, նույն ծրագրի շրջանակում անցյալ տարվա նոյեմբերին ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղում բացվել է «Կաթի եւ կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության փորձարարական լաբորատորիա: