Ամանորին ընդառաջ, դեկտեմբերի 21-ին և 22-ին Երևանի կոնյակի գործարանը «ԱՐԱՐԱՏ» թանգարանում հայտարարել էր բաց դռների օր, ինչը հիանալի հնարավորություն էր ՀԱԱՀ «ԱՊՀ ֆինանսների կառավարում» 4-րդ կուրսի ուսանողների և Ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Արման Տոնիկյանի համար արդեն ավանդույթ դարձած կրթական-տեղեկատվական հերթական շրջայցը կազմակերպելու համար:
Ներկաներին էքսկուրսավարը պատմեց հայկական լեգենդար կոնյակների «ծննդի», «հարսանիքի» «մեղրամսի» և «ծերության» մասին:
«Բացի արտադրության տեխնոլոգիայից, պատրաստի արտադրանքի արտահանման և հումքի ձեռքբերման հարցերից, ուսանողներին հատկապես հետաքրքրեց տակառագործությունը, որը շատ կարևոր է կոնյակի սպիրտի հնացման գործընթացը պատշաճ կազմակերպելու համար. տակառի որակից է կախված կոնյակի սպիրտի նվազագույն կորստի չափը և դրա երկարակեցությունը: Առավելագույնը 80 տարի օգտագործվող կոնյակի «ապագա տունը» պատրաստվում է իրար հետ առավելագույն չափով համադրվող 36 տախտակներից, իսկ մեկ տարվա ընթացքում մեկ տակառից գոլորշիանում է սպիրտի 3-4 տոկոսը. ֆրանսիացիներն այդ կորստին տվել են «հրեշտակների մասնաբաժին» բնորոշումը, իսկ ՀԱԱՀ ապագա ֆինանսիստները բնորոշեցին այն որպես էական ֆինանսական կորուստ…», – պատմում է պարոն Տոնիկյանը։
Ուսանողները եղան «ԱՐԱՐԱՏ» թանգարանի նախագահական անցուղիում, պատվավոր հյուրերի պատվո տախտակի մոտ և լուսանկարվեցին «Խաղաղության տակառի» մոտ, որտեղ հնացվում է Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի միջև զինադադարի մասին համաձայնագրի կնքման տարին խորհրդանշող 1994 թվականի կոնյակի սպիրտ, ընդ որում՝ տակառը նախատեսվում է բացել այն ժամանակ, երբ կկարգավորվի արցախյան հակամարտությունը:
Կոնյակաբույր էքսկուրսիան ավարտվեց բիբլիական լեռը բարձրանալու 190-ամյակին նվիրված լւսանկարների ցուցահանդեսի սրահում: