Կայացավ հոգաբարձուների խորհրդի նիստը. ՀԱԱՀ կայուն զարգացման ռազմավարական պլան՝ չափելի բաղադրիչներով

Օգոստոսի 25-ին առցանց ձեւաչափով կայացավ ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանը: Օրակարգը ներառում էր  «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի 2020թ.-ի կառուցվածքի եւ հաստիքացուցակի փոփոխությունների քննարկում եւ հասատումը, 2020թ.-ի բյուջեի ճշգրտումը եւ հաստատումը եւ 2020-2024թթ.-ի ռազմավարական ծրագրի եւ դրա գործունեության ցուցիչների հաստատումը, ինչպես նաեւ ընթացիկ հարցեր:

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը նախ ներկայացրեց այս տարվա առաջին 6 ամիսների հաշվետվությունը՝ առատ ցուցադրական նյութերի միջոցով ներկայացնելով այն մեծածավալ եւ նկատելի-շոշափելի աշխատանքը, որ կատարվել է կրթության, գիտության, ենթակառույցների ստեցծման եւ նոր ծրագրերի իրականացման բնագավառներում: Ըստ այդմ, իրականացվել է համալսարանի մասնաշենքերի  հիմնանորոգում՝ գեղագիտական լուծումներով: Համալսարանի արտադրած «Սերունդ» գինին պատրաստ է լայն հանրությանը ներկայացվելու (սեպտեմբերին տեղի կունենա շնորհանդեսը): Ընթացքի մեջ են միջազգային համագործակցության բազում ծրագրեր: Ագրարայինի գիտնականների հետազոտական աշխատանքների հիմքում երկրի տնտեսության համար անհետաձգելի լուծում պահանջող հիմնախնդիրներ են՝ ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման հետազոտական կենտրոնի հիմնում  CARD-ի աջակցությամբ,  հողերի մշտադիտարկում-բնութագրող քարտեզների կազմում եւ այլն: Հոգաբարձուների խորհրդի անդամները կատարված աշխատանքը գոհացնող՝ բավարար գնահատեցին:

Ռեկտոր Ուռուտյանը ներկայացրեց 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության արդյունքները: Բակալավրիատի առաջին կուրսը համալրել են ռեկորդային քիչ թվով դիմորդներ՝ 85 հոգի: Ռեկտորը ներկայացրեց ընդունելության կարգի մեջ տեղի ունեցած փոփոխությունները (մի շարք մասնագիտությունների գծով առանց քննությունների ընդունվելու արտոնության վերացումը եւ դիմորդների՝ քննությունների պատրաստվելու համար բավարար ժամանակ չլինելը), որոնք էլ հանգեցրել են այս արդյունքին: Հաջորդ ուսումնական տարում ակնկալվում են ավելի լավ արդյունքներ:

Ի պատասխան խորհրդի անդամ Աշոտ Գիլոյանի հարցերի, պարոն Ուռուտյանը տեղեկացրեց, որ Ագրարային համալսարանը թվայնացնում է միայն համալսարանի ունեցած քարտեզները: Իսկ հողերի անալիզի եւ խորհրդատվության համար Հողագիտության կենտրոնին են դիմում շատ ներդրողներ եւ ֆերմերներ: Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսությունում խելացի անասնաշենքի կառուցման ծրագիրն այժմ համայնքի կողմից շինթույլտվությանը սպասելու փուլում է: Ընթացքի մեջ են կանաչ կերի արտադրամասի հիմնման աշխատանքները: Ծրագրային հայտով դիմել ենք GIZ-ին՝ պելետների արտադրամաս կառուցելու նպատակով, որտեղ կօգտագործվեն Բալահովիտի տնտեսության թափոնները:

Ռեկտորի ներկայացրած՝ համալսարանի կառուցվածքային եւ հաստիքացուցակների փոփոխությունների առաջարկի առնչությամբ ուսանողների մտահոգություններին ի պատասխան, ռեկտորը հավաստիացրեց, որ անկախ փոփոխությունից, ուսանողները կշարունակեն արտաժամյա պարապմունքները լաբորատորիայում մինչեւ կենսատեխնոլոգիական ինկուբատորի աշխատանքների մեկնարկը:

Արտակարգ իրավիճակի պայմաններում, բնականաբար բյուջեի ճշգրտման եւ նորի հաստատման անհրաժեշտություն էր առաջացել: Պարոն Ուռուտյանը ներկայացրեց ֆինանսական կացությունը եւ առաջարկություններ արեց, որոնք ընդունվեցին միաձայն:

Ի դեպ, այս տարվա 7 ամսվա ընթացքում համալսարանում եղել է լրացուցիչ 75 մլն դրամի ներդրում բարերարներից, գործընկերներից եւ տարբեր ծրագրերից: Մինչեւ տարվա վերջ նշված աղբյուրներից ներդրումների ծավալը կանցնի 100 միլիոնը:

Օրակարգով նախատեսված էր նաեւ 2020-24 թթ. ռազմավարական պլանի քննարկումն ու հաստատումը: Պարոն Ուռուտյանը ներկայացրեց 17՝ չափելի բաղադրիչներից բաղկացած հարակայուն զարգացման ծրագիրը: Հոգաբարձուների խորհրդի անդամները բարձր գնահատեցին այն, փաստեցին, որ ահռելի աշխատանք է կատարվել, լավ մշակված ծրագիր է, որ պետք է հետեւողականորեն կյանքի կոչել: Ռազմավարական պլանի ցուցիչների առնչությամբ դրական կարծիքներ արտահայտեցին Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանը եւ խորհրդի անդամ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը՝ դրանք կարեւոր համարելով մշտադիտարկման տեսանկյունից: Տիկին Մամիկոնյանը նաեւ իր գոհունակությունն արտահայտեց այն առումով, որ երկու տարի առաջ ստանձնելով ռեկտորի պաշտոնակատարումը, պարոն Ուռուտյանը հետեւողականորեն համալսարանը տանում է իր իսկ նախանշած ագրոտեխնոլոգիական ուղիով: Փաստաթուղթը հաստատվեց միաձայն:

Ընթացիկ միակ հարցը վերաբերում էր Ապարանում ՀԱԱՀ-ի գյուղատնտեսական քոլեջի հիմնմանը: Այդ նպատակով 1,7 հա հող է ձեռք բերվել, արդեն կա շատ տպավորիչ, ժամանակակից պահանջները բավարարող նախագիծ՝ ուսումնական, հանրակացարանային շենքերի շինության համար: Մոտ ապագայում քոլեջը անկասկած կդառնա տարածաշրջանի տնտեսության զարգացման գլխավոր գործոններից մեկը: Խորհրդի անդամ, CARD հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, տեղեկանալով քոլեջի ուղղվածության մասին, առաջարկեց գործակցություն սկսել Ավստրիայի իրենց գործընկեր գյուղատնտեսական քոլեջի հետ, որը կներառի փորձի փոխանակման փոխայցելություններ: