Խոցող, անվրեպ, դիպուկ. «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր մեր ասպետը

Արսենը ավարտել է ժամկետային ծառայությունն ու վերադարձել է լսարան: Չտեղեկացվածները երեւի չեն էլ պատկերացնում, որ իսկական հերոս կա իրենց կողքին: ՀՀ նախագահի հրամանագրով ՀԱԱՀ ՊՓ-2 կուրսի ուսանող Արսեն Մարգարյանը պարգեւատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

Արսեն Մարգարյանը Եղվարդից է: ՀԱԱՀ տեխնոլագիական ֆակուլտետի պարենամթերքի փորձաքննություն մասնագիտության ուսանող դարձավ տարկետման իրավունքով: Բայց հրաժարվեց այդ արտոնությունից ու մեկնեց հայրենիքի առջեւ պարտքը կատարելու: Ծառայում էր Որոտան քաղաքում, զրահատանկային ռեզերվային գումարտակում: Աշնան վերջին արդեն զորացրվելու էր: Սակայն եկավ սեպտեմբերի 27-ը…

Պատերազմի հենց առաջին օրը տագնապով տեղափոխվել են Մեխակավան, որպես ՀՕՊ-ում օգնող-օժանդակող ուժ: Նրանց դասակը ուժ էր, այն էլ ինչպիսի անկոտրում ուժ՝ խոցող, անվրեպ, դիպուկ: Սեպտեմբերի 27-ին Արսենը «Իգլայով» խոցեց երկու ՍՈՒ-25 (ի՞նչ հեշտ ենք չէ ասում՝ խոցեց երկու ՍՈՒ-25): Պատմում է.

«Օրը մշուշոտ էր, տեսանելիությունը զրոյական, իսկ զենքը եթե պատրաստ վիճակի ես բերում, պետք է հարվածես, հակառակ դեպքում «սնարյադը» խոտանվում, անպիտան է դառնում,-պատմում է Արսենը,-պետք է ուշադիր հաշվարկեինք եւ խոցեինք»: Ուշադիր հաշվարկեցին եւ ոչնչացրին՝ երկնքից մահ ու արհավիրք թափող երկու ինքնաթիռ:

«Այդ պահին ինչ զգացողություն ունեիր» հարցին դեռ լսարանից դասախոսներին հայտնի համեստ, քչախոս Արսենի աչքերը լցվում են՝ այդ պահին արդեն ընկերների շարքերում կորուստներ ունեին:   Հերոսացման ոչ մի նշույլ: Ամենազորեղը հենց այդ անդառնալի կորստի ցավն էր…

Հաջորդ օրը վեց ուղղաթիռ ոչնչացրին, երկուական՝ դասակի հրամանատարը, Արսենը եւ ընկերը: