Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման հետազոտական կենտրոնում, որը սովոր է հյուրընկալել տարբեր պատվիրակությունների, այս անգամ հանդես եկավ որպես վերապատրաստման վայր տանտերերի՝ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի տարբեր ամբիոնների դասախոսների համար: Անշուշտ, թեման՝ «Երկրատեղեկատվական համակարգերի օգտագործումը գյուղատնտեսությունում եւ հողային ռեսուրսների կառավարման գործում», հետաքրքրում էր ոչ միայն ֆակուլտետի աշխատակիցներին եւ ուսանողներին:
Բանախոսը՝ տեխնիկական գիտությունների թեկնածու, Հողաշինարարության եւ հողային կադաստրի ամբիոնի ասիստենտ Տիգրան Հովհաննիսյանը, նշելով, որ թվային տեխնոլոգիաները մեր կյանքի անբաժան մասն են դարձել, ցույց տվեց, որ առանց երկրատեղեկատվական համակարգերի անհնար է պատկերացնել ճշգրիտ գյուղատնտեսության զարգացումը: Նա ներկայացրեց, թե ինչպես է վեգետացիոն ինդեքսը թույլ տալիս ստանալ դաշտի վիճակի թվային պատկերը:
«Արբանյակներին այսօր փոխարինելու են եկել գյուղատնտեսական անօդաչու թռչող սարքերը, որոնց հիմնական առավելությունը տվյալների հասանելիությունը եւ ճշգրտությունն են՝ գրեթե ամեն պայմաններում»,- ասաց պարոն Հովհաննիսյանը:
Ծանոթացնելով դրոնների միջոցով իրականացվող գյուղնշանակության հողերի քարտեզագրման եւ լուսանկարահանման աշխատանքների սեփական փորձին, պարոն Հովհաննիսյանը բացատրեց դրանց տեսակները եւ առավելությունները, դաշտում դրանց օգտագործումը, էլեկտրոնային քարտեզների ստեղծումը, բերքատվության կանխատեսումը, վնասատուների եւ հիվանդությունների՝ վաղ փուլում հայտնաբերումը, քարտեզագրման միջոցով հողերի վիճակի, սնուցման պատկերի գնահատումը, հողերի կադաստրային հաշվառումը, կոնկրետ դաշտի ինդեքսային քարտեզի կազմումը, եւ այլն: Նա խոսեց վնասատուների եւ հիվանդությունների դեմ պայքարի համար նախատեսված՝ դաշտի վիճակը ուսումնասիրող եւ բուն ցողումն իրականացնող անօդաչուների մասին: Համալսարանն, ի դեպ, գործընկերների աջակցությամբ ձեռք է բերել եւ արդեն փորձարկել այդպիսի սարքեր:
Ավտոտրակտորների և գյուղատնտեսական մեքենաների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արամայիս Եսոյանը եւ Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Մերուժան Գալստյանը, շնորհակալություն հայտնելով Տիգրան Հովհաննիսյանին բովանդակալից եւ կարեւոր տեղեկատվության համար, առաջարկեցին ԵՏՀ գծով վերապատրաստման համանման առանձին դասընթացներ կազմակերպել իրենց ամբիոններում: Նրանք վստահեցնում են, որ այսօր այդպիսի դասընթացը ոչ միայն անհրաժեշտ է, այլեւ հրատապ նշանակություն ունի համալսարանի «մեծ ու փոքրի»՝ դասախոսների եւ ուսանողների համար: