ՀԱԱՀ Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման տեխնոլոգիական հետազոտական կենտրոնում առկա արդիական թվային գեոդեզիական գործիքները դուրս բերվեցին կենտրոնից եւ օգտագործվեցին բաց դասի համար: Համալսարանի հարակից՝ Վիկտոր Համբարձումյանի այգում անցկացվող բաց դասին մասնակցում էին Ջրային ռեսուրսների կառավարում եւ Հողաշինարարություն եւ հողային կադաստր մասնագիտությունների 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կուրսերի ուսանողները:
Դասի սկզբում ուսանողները ծանոթացան թվային գործիքների աշխատանքի սկզբունքներին՝ իրենց մի քանի կուրսընկերների օգնությամբ, որոնք նախապես մանրակրկիտ մասնագիտական հրահանգավորում էին ստացել Ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի դասախոս Արտակ Զաքարյանից:
Ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանի ղեկավարությամբ անցկացված բաց դասի ժամանակ կիրառվել են երեք թվային Trimble M3 տախեոմետրեր, մեկ բազային Trimble R8s ռովեր, մեկ լազերային DiNi 12 հարթաչափ, երկու մեխանիկական CST/berger հարթաչափեր։
Գործիքների աշխատանքի սկզբունքների բացատրությունից հետո դրանք տեղակայվեցին այգում, այլ խոսքով՝ բնականին շատ մոտ պայմաններում, եթե չասենք բնության մեջ եւ կատարվեց տարբեր կետերի կոորդինատների որոշում։
Ստացված տվյալները տեղափոխվեցին ՋՀՌԿՏՀ կենտրոն, որտեղ դրանք կդառնան ուսանողների ուսումնասիրության առարկա։
Գործնական կիրառման շնորհիվ այժմ մեր ուսանողները տիրապետում են հմտությունների, որոնց քչերն են հասու մեր երկրում: Եվ դեռ շատ բան կա սովորելու: