ՀԱԱՀ Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան, դոցենտ Արմենակ Տեր-Գրիգորյանը փետրվարի 6-ին Երեւանի քաղաքապետարանում ԿՇՄՊ (Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն) ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ անցկացված «Բույսերի պաշտպանության հիմունքները» թեմայով սեմինարի բանախոսն էր:
Պարոն Տեր-Գրիգորյանի բնութագրմամբ՝ խիստ առօրեական եւ կարեւոր թեմայով քննարկմանը մասնակցում էին ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի տնօրինությունը, վարչական շրջանների ստորաբաժանումների ղեկավարները, դենդրոլոգներն ու ջերմոցատնկարանային վարչության աշխատակիցները:
Սեմինարի ընթացքում Արմենակ Տեր-Գրիգորյանը ներկայացրեց Երեւան քաղաքի կանաչապատ տարածքների, ծառաթփատեսակների գլխավոր վնասատուների եւ հիվանդությունների կենսաէկոլոգիական առանձնահատկությունները, պատճառած վնասի ախտանիշները, մշտադիտարկման մեթոդներն ու պայքարի կիրառվող համակարգերը: Բանախոսն առանձնակի շեշտադրում կատարեց բույսերի պաշտպանության աշխատանքների իրականացման ժամանակ անհատական եւ հասարակական անվտանգության կանոնների պահպանման կարեւորությանը:
«Ընդհանուր առմամբ, միջոցառման մասնակիցները, որոնք, ըստ էության, հենց ոլորտի պատասխանատուներն էին, կարեւոր համարեցին համանման սեմինարների կազմակերպման անհրաժեշտությունը, տվեցին թեմային վերաբերող բազմաթիվ եւ բազմաբնույթ հարցեր»,- ասաց պարոն Տեր-Գրիգորյանը:
Ագրոնոմիականի դեկանը խոստացավ, որ Երեւան քաղաքի կանաչապատ տարածքների պահպանման աշխատանքների պլանավորման եւ իրականացման ժամանակ ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի աշխատակիցները մեր մասնագետներից կստանան անհրաժեշտ խորհրդատվություն եւ գործուն օգնություն: