Թվում էր՝ ամառը կգա, աշխատանքային տեմպն էլ մի քիչ կմեղմանա: Ամենեւին: Մենք նորից չենք հասցնում իրադարձությունների հորձանուտում: Եւ ուրախ ենք դրա համար:
Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի ԱԲ եւ ԱՔԽ երրորդ կուրսերի ուսանողները Ագրոբիզնեսի կազմակերպում առարկայի շրջանակում դասախոսների՝ տ.գ.թ. Կարինե Կարապետյանի ու Մարգո Ղազարյանի ղեկավարությամբ ՄԱՊ ընկերության արտադրած տոմատի մածուկի շուկայի ուսումնասիրություն էին կատարել: Դասին հրավիրված էին ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի տնօրեն Լիլիթ Զաքարյանը:
Ուսանողները երեք թիմի բաժանված ուսումնասիրել էին խանութներում իրավիճակը, գովազդի, դիզայնի խնդիրները, առաջարկությունների փաթեթ էին կազմել:
Երիտասարդների շնորհանդեսից հետո մտքերի աշխույժ փոխանակություն եղավ: Ռեկտորը շնորհավորեց ուսանողներին. «Շատ լավ սկիզբ է, շատ լավ աշխատանք եք արել: Ապրեք: Շնորհակալություն»: Բրենդինգի հարցում պարոն Ուռուտյանը խորհուրդ տվեց համագործակցել Դիզայն եւ փաթեթավորում մասնագիտության ուսանողների հետ: Նրանք եւս կարող են նոր գաղափարներ առաջարկել, աջակցել համակարգչային ծրագրակազմերի հարցերում: «Ժամանակակից դիզայնի միտումներին հետեւո՞ւմ եք: ՀՀ-ում միանգամայն նոր մշակույթ է ձեւավորվել Backbone Branding-ի շնորհիվ, ընկերություն, որ սիրով է համագործակցում մեր համալսարանի հետ»,- ասաց ռեկտորը:
Ագրոբիզնեսի կառավարման եւ քաղաքականության ամբիոնի վարիչ, տ.գ. թ., դոցենտ Աշոտ Ոսկանյանը եւս քաջալերեց սաներին: Խորհուրդ տվեց ավելի խոր դիտարկում կատարել (օրինակ՝ հարցումներ սպառողների շրջանում) եւ համապարփակ ուսումնասիրությունների արդյունքները ներկայացնել նոր ուսումնական տարվա սկզբին: Այդ քննարկմանը կհրավիրվեն նաեւ ՄԱՊ ընկերության ներկայացուցիչները: Նրանց հաստատապես կհետաքրքրեն մեր երիտասարդների նոր, թարմ, համարձակ տեսակետները: