Հողաշինարարություն, հողային կադաստր մասնագիտության ավարտաճառերի պաշտպանությունը տարիներ առաջ, այսօրվա ընկալումներով՝ անհավանական-անհասկանալի դրվագ ուներ: Կուրսի տղաները միահամուռ, արագ-արագ ամրացնում էին 10-15 վատմանի վրա արված նախագծերը: Եւ սա կրկնվում էր յուրաքանչյուր աշխատանքի պաշտպանությունից հետո: Հիմա ամեն ինչ էլեկտրոնային է, թվայնացված, առանց թոհուբոհի՝ աղյուսակներ, լուսանկարներ, քարտեզներ-հատակագծեր, ամենն ինչ այս մասնագիտության մաս է կազմում: Ուսանողները մանրամասն դիտարկել են նաեւ պատմամշակութային՝ պահպանվող հուշարձանների գոտիները, դրանց աշխարհագրական կոորդինատները:
Ուսանողները ՀՀ համայնքների հողաշինարարական պատկերը դիտարկել էին կլիմայական, հիդրոերկրաբանական, գոտիականության, ժողովրդագրական տեսանկյունից: Հողի գնահատում, առքուվաճառք, ոչինչ չէր սպրդել նրանց ուշադրությունից: Եւ առաջարկություններ, որոնք երբեմն իրականությունից հեռու էին լինում՝ կենսափորձի պատճառով: Իսկ սա շտկելի է:
Հանձնաժողովի անդամները բարյացակամ, բայց պահանջկոտ էին՝ ստուգող ճշտող հարցեր, խորհուրդներ՝ ապագա աշխատանքներն ավելի կատարյալ տեսնելու նպատակով:
«Քանի որ հավակնում ես բարձր գնահատականի, քեզ մի քիչ շատ քրքրենք»,- կեսկատակ-կեսլուրջ ասում է հանձնաժողովի նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Սողոմոնյանը: Իսկ հարցերը ուսուցողական նպատակ ունեին. եւ նախագահը, եւ դասախոսները՝ պրոֆեսորներ Էֆենդյանը, Եղիազարյանը շարունակում էին սովորեցնել իրենց սաներին:
Ավարտին, պարոն Սողոմոնյանը ամփոփելով նկատեց, թե ընդհանուր պատկերից այնքան էլ գոհ չէ, բայց հաշվի առնելով համավարակով պայմանավորված դժվարությունները՝ գնահատել են ողջ ուսանողական տարիների ջանքերն ու աշխատանքը: Նա նաեւ պատրաստակամություն հայտնեց աջակցելու՝ մասնագիտական աճի, գործունեության ընթացքում: