Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության եւ ամբողջ հայության համար կարեւորագույն ազգային, պետական տոն է, որը մեծ խորհուրդ ունի մեր երկրի անկախ եւ ազատ գոյության, ինքնիշխանության եւ ապագա հաղթանակների առումով։
1991թ․ այս օրը՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 95 տոկոսը մասնակցեց անկախության հանրաքվեին եւ ձայների 99,5 տոկոսով քվեարկեց Հայաստանի անկախության օգտին։ Սեպտեմբերի 23-ին երկրի Գերագույն խորհուրդը պաշտոնապես վավերացրեց Հայաստանի՝ Խորհրդային Միության կազմից դուրս գալու եւ հարյուրամյակներ անց նորից որպես անկախ երկիր աշխարհին ներկայանալու՝ հայ ժողովրդի կամքը։
Անկախության գրեթե երեք տասնամյակը լրջագույն փորձությունների, տնտեսական ու քաղաքական վայրիվերումների տարիներ են եղել։ Արցախյան շարժումն ի վերջո փառահեղ հաջողություն ունեցավ հենց անկախ Հայաստանի շնորհիվ։ Անկախությունը որեւէ երկրի, առավելեւս Հայաստանի գոյության եւ տարածաշրջանում ու ախարհում իր պատմական առաքելության իրականացման առհավատչյան է։ Այն մեր ժողովրդի դարավոր երազանքի իրականացումն է, զարգացման հեռանկարներ ամրագրող բացարձակ ուժ եւ արժեք։
Ինչպես ամբողջ երկիրը, այնպես էլ կրթական համակարգը անցած 29 տարիների ընթացքում տեսել է աննախադեպ զարգացումներ ու ենթարկվել բազում օբյեկտիվ ու սուբյեկտիվ մարտահրավերների, որոնցից անմասն չի մնացել Հայաստանի ազգային ագրարային համալսարանը։ Այսօր, սակայն, շնորհիվ երկուսուկես տարի առաջ երկրում արմատապես փոխված իրավիճակի ընձեռած հնարավորությունների, ակնհայտ է համակարգում ամբողջությամբ եւ մասնավորապես Ագրարայինում շրջադարձային բարեփոխումներ իրականացնելու պատմական կարելիությունը։ Իրականությունն այն է, որ Ագրարային համալսարանի՝ երկու տարի առաջ ասպարեզ եկած հոգաբարձուների նոր խորհուրդը եւ նոր ռեկտորը առաջինը եւ ամենահաստատակամը եղան բարձրագույն կրթության համակարգում արմատական բարեփոխումներ իրականացնելու գործում։
Կրթությունն ու գիտությունը կարող են եւ պետք է լինեն Հայաստանի բրենդը․ այս նպատակի իրագործման համար մենք ունենք ամենակարեւորը՝ մարդկային կապիտալը, որի ամենօրյա հզորացմամբ է զբաղված նաեւ հետեւողականորեն նորացող Հայաստանի ազգային ագրարային համալսարանը։
Այս ամենը հնարավոր է միայն անկախ, ինքնիշխան պետության պայմաններում։ Իսկ այն, ինչին դեռ պիտի հասնենք՝ պիտի հասնենք մեր ամենօրյա ազատ, ստեղծագործ աշխատանքի շնորհիվ՝ դրանով իսկ հզորացնելով պետությունը, ամեն օր բարձրացնելով նրա դերը, կոփելով ու զորացնելով անկախությունը, որ հայերի բազում սերունդների նվիրական նպատակն է եղել։
Շնորհավոր Անկախության օրը, եւ թող Հայաստանն ու հայությունը հասնեն իրենց հաջորդ բաղձալի երազանքներին ու նպատակներին։