Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի եւ Կոտայքի մարզի Նոր գյուղում գործող ՍմարթԱգրո ընկերության համագործակցության շրջանակում իրականացվում է Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսության բարելավման ծրագիր: Անմիջական, շահագրգիռ եւ ակտիվ մասնակիցները ֆակուլտետի ուսանողներն են:
Փետրվարի 5-ին ընկերության մասնագետների հետ հերթական անգամ տնտեսություն էին այցելել ֆակուլտետի տարբեր կուրսերի ուսանողներ: Մասնագետների հրահանգներով ու մասնագիտական խորհուրդներով ուսանողներն իրականացրեցին անասնաբուժական եւ անասնաբուծական հետեւյալ աշխատանքները. կենդանիների հղիության ստուգում ռեկտալ եղանակով, խոշորեղջերավորների պոչի երակից արյան նմուշառում, հղիության որոշում արյան միջոցով եւ ականջապիտակի ամրացում:
Բացի տեսական գիտելիքը գործնականի վերածելու հնարավորությունից (այդպիսի հնարավորություններից ֆակուլտետի ուսանողներն օգտվում են հաճախ եւ հաճույքով), Բալահովիտի տնտեսությունում մեկնարկած արդիականացման ծրագրերը գնալով ավելի գրավիչ ու կարեւոր կդարձնեն այս տնտեսությունը ուսանողների համար՝ ուսումնաճանաչողական այցերի, փորձուսուցման, ինչպես նաեւ աշխատանքային կիսամյակն այստեղ անցկացնելու համար:
Բալահովիտում այժմ ընթացքի մեջ են հիդրոպոնիկ կանաչ կերերի արտադրամասի եւ Կաթնամթերքի վարպետաց դպրոցի հիմնման աշխատանքները: Բալահովիտը շատ մոտ ապագայում կդառնա ուսումնահետազոտական եւ արտադրական ժամանակակից բազա՝ անթափոն արտադրությամբ եւ ուսանողների համար աշխատելու եւ մասնագիտության մեջ հմտանալու լավագույն պայմաններով:
Ուսումնափորձնական տնտեսության արդիականացման գործընթացներին ակտիվորեն մասնակցում են Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի մասնագետներն ու դեկանատը։ Տնտեսության անձնակազմի հետ ամենօրյա կապը, բոլոր որոշումները ֆակուլտետի մասնագետների և համապատասխան հանձնաժողովների մասնագիտական եզրակացությունների հիման վրա կայացնելու գործելակերպը երաշխավորում են գործընթացի սահունությունն ու նպատակայնությունը։