Ամերիկյան գործընկերները՝ մրցակից. Հոգաբարձուների խորհրդի 2020-ի առաջին նիստը

Հունվարի 29-ին տեղի ունեցավ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի այս տարվա առաջին նիստը, որը տեսակապի միջոցով նախագահում էր խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանը:
Ներկայացնելով համալսարանի 2019 թվականի գործունեության հաշվետվությունը, ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը անդրադարձ կատարեց ուսումնական գործընթացին, ենթակառույցների ստեղծմանը, միջազգային կրթական ծրագրերին, համալսարանի ստորաբաժանումների գործունեությանը, միջազգային համագործակցությանը եւ համալսարանի ֆինանսատնտեսական գործունեությանը:

Չմոռանալով բարձր գնահատել համալսարանի միջազգային գործընկերների աջակցությունը, պարոն Ուռուտյանը, մասնավորապես, կանգ առավ ենթակառույցների ստեղծման ու արդիականացման՝ 2019-ին իրականացված եւ ընթացքի մեջ գտնվող մեծ ծավալի աշխատանքների վրա: Պատրաստ են եւ կահավորման փուլում են քիմիայի երկու լաբորատորիաները, գնահատման եւ թեստավորման կենտրոնը: Կառուցման ավարտական փուլին հասած ջերմատան միջոցով, որը հագեցած է լինելու ՏՏ կենտրոնից կառավարվող սենսորներով, ուսանողները տիրապետելու են ագրոտեխնոլոգիական ժամանակակից հմտությունների: Բաց տարածքի ոճով վերանորոգվող հարկաբաժինները կծառայեն ուսանողների ուսումնառությանն ու հանգստին (նման տարածքները փոխում են ուսանողների մտածելակերպը՝ նշեց ռեկտորը):

ՀԱԱՀ-ում հիմնադրված՝ երկրում առաջին Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորը, որն արդեն անցկացրել է համապատասխան վերապատրաստումներ եւ ստարտափերի առաջին մրցույթը՝ հետաքրքիր է ոլորտի ընդհանուր զարգացման տեսակետից: Ռեկտորը տեղեկացրեց, որ արդեն կան «բիզնես-հրեշտակներ»՝ հետաքրքրված ներդրողներ, որոնք կօգնեն անցում կատարել «ինկուբացիայից դեպի ակսելերացիա»:

2020թ.-ի համար հաստատված կարեւոր նախագծերից է ICARE հիմնադրամի հետ համատեղ իրականացվելիք Ֆրութենիա նախագիծը, որի շնորհիվ արդիականացվելու են ագրոնամիական առարկաները, ներդրվելու են դասավանդման նոր մեթոդներ, Ոսկեհատի տնտեսությունում հիմնվելու է ինտենսիվ պտղատու այգի, կկազմակերպվի ուսանողական ճամբար եւ այլն: Նախագծի հիմնական ֆինանսավորողը Ավստրիական զարգացման գործակալությունն է: Հետաքրքիր նախագծերից է Ոսկեհատի տնտեսությունում նորարարական փորձացուցադրական այգու հիմնումը՝ մշակության տեխնոլոգիաների ցուցադրման նպատակով: Նախագիծն իրականացվելու է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանության, Արգենտինայի գյուղատնտեսական տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի աջակցությամբ եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության ֆինանսավորմամբ։ Պատրաստ են Բալահովիտի տնտեսությունում խելացի անասնաշենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը:

Ռեկտոր Ուռուտյանը միջազգային գործընկերներին շնորհակալություն հայտնելու երկրորդ առիթն ունեցավ, երբ խոսում էր գործակցային 13 հուշագրերի մասին, որոնք ստորագրվել են արտերկրի համալսարանների եւ միջազգային կառույցների հետ: Եվրոպական տարբեր համալսարաններից 2019-ի ընթացքում ունեցել ենք 39 հրավիրյալ դասախոսներ: Տարվա էական ձեռքբերումներից է Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի հետ ստորագրված՝ Ագրարային մենեջմենթ մասնագիտության կրկնակի դիպլոմի վերաբերյալ համաձայնագիրը: Այդպիսի եւս մեկ համաձայնագիր կստորագրվի այս տարվա ամռանը՝ Գերմանիայի Գայզենհայմի համալսարանի հետ՝ Գինեգործություն եւ գինու բիզնես մասնագիտության գծով:

Ներկայացնելով 2020թ.-ին համալսարանի 90-ամյա հոբելյանի շրջանակում պլանավորված աշխատանքները (գիտաժողովներ, Ուսխորհրդի, ՈւԳԸ-ի միջոցառումներ եւ այլն), պարոն Ուռուտյանը նշեց, որ դրանց հավուր պատշաճի իրականացումը կարեւոր է բուհի տեսանելիության եւ հեղինակության բարձրացման առումով:

Այս տարվա անելիքներից ռեկտորն առանձնացրեց համալսարանում ստեղծվող գիտական արդյունքի առևտրայնացման գործում առկա անելիքները, իսկ հիմնական մարտահրավերը՝ որակյալ ուսանողական համակազմի հավաքագրումը՝ հաշվի առնելով ատեստատով ընդունվելու արտոնության վերացումը, որը ժամանակային առումով դժվարություններ կարող է հարուցել պոտենցիալ դիմորդների համար (նրանք 4 ամիս ունեն կողնորոշման համար): Այս նկատառումով է, որ համալսարանը, դպրոցականների մասնագիտական կողնորոշման ծրագրերից բացի նաեւ իրականացնելու է դիմորդների համար անվճար պարապմունքներ մի շարք առարկաների գծով:

Շարունակելով համակազմի հավաքագրման թեման, ռեկտոր Ուռուտյանը հույս հայտնեց, որ համալսարանում բուռն թափով իրականացվող բարեփոխումներն իրենց ազդեցությունը կունենան նաեւ դպրոցներում Ագրարայինի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության գործում:  Այս առումով տեղին է մեջբերել ռեկտորի այն արտահայտությունը, թե «նույնիսկ մեր ամերիկյան գործընկեր համալսարաններն են մեզ մրցակից համարում առաջիկա տարիների համար»:

Համալսարանի 2020թ.-ի բյուջեի նախագիծը հաստատելուց առաջ տեղի ունեցած քննարկման ժամանակ Հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը նախ վստահեցրեց, որ բուհի հեղինակությունն իսկապես բարձրացել է, իսկ որպես մտահոգություն նշեց այս տարվա բյուջեով նախատեսված դրամական միջոցների նվազելը: Ռեկտորն ասաց, որ դրամամիջոցների պակասը փոխհատուցվելու է ծրագրային գումարներով: «Զուգահեռաբար իրականացվող նախագծերը թույլ են տալու լրացուցիչ ֆինանսներ եւ այլ ռեսուրսներ ներգրավել», – ասաց պարոն Ուռուտյան՝ բերելով Հողային եւ ջրային ռեսուրսների կառավարման կենտրոնի, գինու արտադրության եւ այլ օրինակներ. ենթակառույցները, բուն ուսումնագործնական նպատակներից բացի, հնարավորություն են տալու նաեւ ծառայություններ ու ապրանքներ վաճառել: «Բյուջեի նախագիծը կազմելիս մենք պահպանողական մոտեցում ենք հանդես բերել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխատելու ենք զարգացման տեմպով, եւ ոչ թե լճացման»,- ասաց պարոն Ուռուտյանը:

Հոգաբարձուների խորհրդի անդամների կողմից եղան այլ գնահատականներ եւ առաջարկներ: Մասնավորապես ԿԳՄՍ նախարարի խարհրդական Գոհար Մամիկոնյանը 2019-ի գործունեությունը գնահատեց որպես ահռելի ծավալի աշխատանք եւ դրվատանքի խոսքով անդրադրաձավ համալսարանում արմատավորված թափանցիկ աշխատաոճին: Պրոֆ. Վիկտոր Աբրահամյանն առաջարկեց Բալահովիտում հիմնել սպանդանոցային կետ: Շրջակա միջավայրի փոխնախարար Իրինա Ղափլանյանը հուշեց մի շարք ուղղություններով կառավարության եւ միջազգային գործընկերների հետ նախանշված ծրագրերում ներգրավվելու հնարավորությունների մասին եւ այլն:

2019-ի գործունեության հաշվետվությունը եւ 2020-ի բյուջեի նախագիծը քննարկելուց եւ հաստատելուց հետո խորհուրդը քննարկեց եւ հաստատեց նաեւ կառուցվածքային երկու փոփոխություն, ինչպես նաեւ նվազագույն աշխատավարձի փոփոխությունը (20 տոկոսով բարձրացում), որը վերաբերում է մոտ 200 աշխատակիցների:

Ընթացիկ հարցերի շարքում ռեկտորը ներկայացրեց համալսարանի 2020-2024թթ. ռազմավարական պլանի նախագիծը: Նախագծի առանձնահատկություններից մեկն այն է, որ դրանում հաշվի են առնված ՄԱԿ-ի Կայուն զարգացման 17 նպատակներից 10-ը: Բացի այդ, այն կազմվել է «ներքեւից վերեւ» սկզբունքով, համալսարանի բազմաթիվ ստորաբաժանումների ուժերի ներգրավումով: «Ռազմավարական պլանը նորարարական մոտեցումներով ենք կազմել՝ հիմնվելով համալսարանի նորօրյա արժեքների վրա, ելնելով միջակություն չհանդուրժելու մեր փոլիսոփայությունից: Մենք նախատեսում ենք մեր մասնագետներին մշտապես մոտ պահել ոլորտի մյուս շահակիցներին, շարունակելու ենք ապահովել  հաշվետվողականությունն ու թափանցիկությունը՝ միաժամանակ ապահովելով, որ արդյունքները չափելի լինեն: Հաշվի ենք առել նաեւ պետական գերակայությունները պարենային ապահովության եւ սննդի անվտանգության ոլորտում»:

Նիստը փակելուց առաջ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանն առաջարկեց, որ խորհրդի անդամները մեկ ամիս ժամկետում առաջարկություններ ներկայացնեն ռազմավարական պլանի նախագծի վերաբերյալ: