Էյ-Թի-Փի -ի Կարինի տնկարան այցի ընթացքում ուսանողները ծանոթացել են պտղատու մշակաբույսերի ձմեռային պատվաստների տարբեր ձեւերին, պատվաստման մեթոդներին ու հմտություններին: Նրանք գործնականորեն մասնակցել են ձմեռային պատվաստի տարբեր ձեւերի կատարմանը, դրա ամբողջ տեխնոլոգիական շրջափուլին՝ պատվաստակալների արմատների խնամքով լվանալուց, կարճացնելուց ու ախտահանումից մինչեւ պատվաստի հանգույցի վրա մեքենայացված V-ձեւ կտրվածքի կատարում, կտրոնի տեղադրում պատվաստակալի վրա, պատվաստի հանգույցի կապում, պատվաստված տնկանյութի պահպանում համապատասխան ջերմաստիճանում ու խոնավության պայմաններում՝ մինչեւ բաց դաշտ տեղափոխելը եւ տնկելը:
Ուսանողները տեխնոլոգիական բոլոր փուլերի առանձնահատկությունների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ եւ փորձագիտական ուղղորդում են ստացել ՀԱԱՀ-ի ագրոնոմիական աշխատանքների համակարգող-խորհրդատու Ներսես Կոստանյանից: «Տնկարանի փորձագետների հետ համատեղ ուսանողներին ենք փոխանցել ոչ միայն տեխնոլոգիական փուլերի վերաբերյալ տեսական եւ գործնական գիտելիքներ, նրանց բացատրել այդ փուլերից յուրաքանչյուրի նշանակությունն ու առանձնահատկությունները, այլեւ ծանոթացրել ենք ոլորտի առաջատար միջազգային փորձին», – ասում է պարոն Կոստանյանը:
Ագրոնոմիական հանրության շրջանում մասնագիտական ամենաբարձր չափանիշների ջատագով մասնագետը հատուկ կերպով նշում է, որ մեր գործընկեր «Էյ-Թի-Փի»-ի տնկարանային տնտեսությունը հագեցված է անհրաժեշտ սարքավորումներով եւ որակավորված մասնագետներով: Ներսես Կոստանյանի կարծիքով, տնկանյութի աճեցման՝ մեր երկրի համար կարեւոր գործընթացն այս տնտեսությունում կատարվում է «բարձր մակարդակով եւ անհրաժեշտ հմտությամբ»:
Թե ուսանողները, թե պարոն Կոստանյանը եւ թե Ագրոնոմիական ֆակուլտետի ղեկավարությունը շնորհակալություն են հայտնում Էյ-Թի-Փ-ի մեր գործընկերներին՝ ձմեռային պատվաստ կատարելու այս օգտակար փորձառության համար: