Քոլեջի ուսանողին մասնագիտական աշխատանք են առաջարկել․ «Սեր ունեմ գինու եւ ուսման հետ»

Խոսքը արվեստի ճյուղերից մեկի՝ գինի ստեղծելու, գինի արարելու մասին է, պոեզիայի նման մի բան…

Արման Շիրինյանն արցախցի է: Դեռ այնտեղ՝ փոքր հայրենիքում գինի ստանալու փորձեր-փորձարկումներ էր անում՝ դիտարկում-լավարկում (նրա զուգահեռը չունեցող գյուտը՝ խմիչք է ստացել, հուսով ենք շատ շուտով հեղինակային հավաստագիր կստանա): Հենց այդ ընթացքում էլ հասկացավ, որ մասնագիտական կրթությունն անփոխարինելի է: Առանց դրա անհնար է: Ուստի ընդունվեց Անտոն Քոչինյանի անվան քոլեջ՝ դուալ կրթության հնարավորություն տվող, Գինու տեխնոլոգիա մասնագիտությամբ: Հիմա ԳԳ երրորդ կուրսում է սովորում:

– Տեսական գիտելիքները շատ կարեւոր են, բայց մինչեւ արտադրությունում չլինես, չես կարող մասնագետ դառնալ: Փորձուսուցումների ընթացքում «Արմենիա վայն» ընկերությունը մեզ լայն հնարավորություններ տվեց՝ արտադրության բոլոր փուլերը լավ ճանաչելու տեսակետից: Հետո այս աշնանը աշխատանքի առաջարկություն ստացա, բայց զգացի, որ կայուն աշխատանքը ուսման հետ անհնար է համատեղել: Սակայն, շնորհակալությամբ պետք է ասեմ, որ ընկերության հետ համագործակցությունը շարունակվում է:

Արմանը բռնցքամարտի Հայաստանի չեմպիոն է: Հետաքրքրասեր ու աշխույժ երիտասարդ, որ մտորում է նաեւ գիրք գրելու մասին:

– Բայց այդ ամենը հետո, երբ կավարտեմ քոլեջը, կծառայեմ բանակում, ուսումս կշարունակեմ բակալավրիատում, գիրքը դեռ կսպասի․․․,- ասում է Արմանը:

Մենք էլ կսպասենք ե´ւ գրքին, ե´ւ նորաստեղծ խմիչքի հավաստագրին, ե´ւ բոլոր այն հրաշալի գաղափարներին-մտահղացումներին, որ ծագելու են Արմանի հոգում եւ մտքում ու ավելի լավն են դարձնելու աշխարհը։

Հ.գ. Արմանն ու Արամ Զեյթունյանը լավ ընկերներ են, ընտրած մասնագիտությունը հավասարապես սիրող, որոնող մտքով երիտասարդներ: Արամի մասին կպատմենք հաջորդիվ։