Այսօր Ագրարային էին այցելել ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան քոլեջի սովորողները: Ագրոէկոլոգիա, հողաշինարարություն, հողաբարելավում եւ անասնաբուժություն մասնագիտությունների 3-րդ եւ 4-րդ՝ ավարտական կուրսի ուսանողներին Ագրոթեքում դիմավորեց եւ համալսարանի կառուցվածքին, ֆակուլտետներին եւ նորաբաց ենթակառուցվածքներին ծանոթացրեց Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի աշխատակից Անի Հովակիմյանը:
Քոլեջի սաներին ուղեկցում էր քոլեջի փոխտնօրեն Լիանա Խաչատրյանը, ում խնդրանքով էլ ընդունող հանձնաժողովի պատասխանատու, ուսումնական հարցերով փորձագետ Հայկ Մկրտչյանը ներկաներին մանրամասն բացատրեց բուհ դիմելու ընթացակարգը: Նա նշեց, որ համալսարանի anau.am կայքում կա «Ընդունելություն» հարթակ և ապագա դիմորդները կարող են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանը գտնել հենց այստեղ: Իսկ մասնագիտությունների և վարձավճարների վերաբերյալ վերջնական թարմացված տվյալները կտեղադրվեն մինչև դեկտեմբեր:
Քոչինյանցիներն այնուհետեւ այցելեցին ընդհանուր քիմիայի լաբորատորիա, Ջրային եւ հողային ռեսուրսների հետազոտական կենտրոն, համալսարանի ջերմատուն եւ գինեդարան:
Լաբորատորիայում նրանք համոզվեցին, որ քիմիան ոչ միայն հետաքրքիր ու կարեւոր է գյուղմասնագիտություններ ընտրած մարդու համար, այլեւ՝ օգտաշատ ու բավականին «ուրախ» գիտություն է մեր կյանքի բազմաթիվ այլ ոլորտներում: Ջրային կենտրոնում երիտասարդները պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանի հետ բավականին լուրջ ու շահագրգիռ քննարկում ունեցան՝ շոշափելով ջրային ոլորտում մասնագիտական կադրերի հրատապ անհրաժեշտությունից մինչեւ ոլորտում աշխատանք ու կարիերա սկսելու կոնկրետ «հանձնարարականները»: Ջերմատունն ու գինեդարանը բացառություն չէին՝ քոլեջի ուսանողները տպավորված էին, անկաշկանդ, հետաքրքիր, հարցասեր ու վստահ: Ամենաակտիվներից Նարինեն, ի դեպ, խոստացավ «հարստանալուց հետո» օգնել գինեգործ-շրջանավարտների ուժերով ստեղծված գինեդարանի ընդլայնմանը:
Այնպես որ, քոլեջից համալսարան է գալիս հաջորդ ինքնատիպ հերթափոխը: