Քոլեջականները ոտք դրեցին Հրանտ Մաթեւոսյանի մեծ ու արեւոտ հովիտ․ բաց եւ ուսանելի դաս Հաղորդակցման հիմունքներ առարկայից

Հրանտ Մաթեւոսյանի 90-ամյա հոբելյանը ՀԱԱՀ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի Հաշվապահական հաշվառում մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները յուրովի նշանավորեցին։ Այսօր՝ մարտի 5-ին, նրանք Հասարակագիտության ամբիոնի դասախոսներին եւ քոլեջի տնօրինության ներկայացուցիչներին հրավիրել էին մեծ գրողին նվիրված բաց դասի՝ Հաղորդակցման հմտություններ առարկայի շրջանակում (դասախոս՝ բանասիրության թեկնածու, պատմագիտության դոցենտ, մշակութաբան Անի Խուդավերդյան)․ թեման «Աշնան արեւ»-ն էր, առայժմ՝ ֆիլմը․․․

Քոլեջականները ներկայացրեցին հայ կինոյի դասական ֆիլմերից մեկը՝ Աղունին, Սիմոնին (սիմոններին), դերակատարներին, ռեժիսորին, երաժշտությունը, հայ կնոջ ճակատագիրը (որ այսօր կարծես թե հենց ինքը՝ հայ կինն է կերտում, մինչդեռ Մաթեւոսյանի Աղունը երջանիկ բացառություններից էր իր դարաշրջանում, որ խորհրդային երեկվա օրն էր), «Ավանդական» հայ ընտանիքը. ինչը կպահեն, ինչը կմիավորեն, ինչից կհրաժարվեն ․․․ Մաթեւոսյան կարդալու հրատապ անհրաժեշտությունը։ Խոսակցությանը ներքաշեցին դասախոսներին, համաձայնեցին – չհամաձայնեցին, Մաթեւոսյան ընթերցելու խորհուրդները ունկնդրեցին, պայմանավորվելու պես խոսեցին հաջորդ անգամ փոքր-ինչ այլ ձեւաչափով հանդիպելու մասին։

Ներկայացումներն ու քննարկումը կատարյա՞լ էին․ կատարյալը իրենք էին՝ մեր գեղեցիկ, ուժեղ, խելացի, երկրի վաղը հույսերի մեջ տեսնել ստիպող ուսանողները։ Կատարյալը իրենց ինքնուրույնությունն է, նախաձեռնելու կարողությունը, չծուլանալու աչալրջությունը, կարծիք ունենալու չափ հաստատուն խոհեմությունը։ Երջանկություն է այսպիսի ուսանողներ, այսպիսի սերունդ ունենալը։ Շատ կարեւոր է, որ նրանց տրվի ստեղծագործելու, համարձակվելու եւ նախաձեռնելու ազատությունը, եւ նրանք կճախրեն։ Հենց այդպես էլ վարվում է դասախոս Անի Խուդավերդյանը եւ պատահական չէ, որ լիաբուռն քաղում է իր տվածի պտուղները՝ այս էլ քանի սերունդ։

«Թափանցիկ օր» փոքրիկ (բայց մեծ, ինչպես իր ամբողջ ստեղծածը) պատմվածքում Մաթեւոսյանն այսպիսի միտք ունի․ «Նկարիչ Մինասի հետ խոսելիս աշխարհն իր քաղաքակրթության լավագույն մասով գալիս հունցվում է մեր լեզվի մեջ»: Գրականության մեջ եւ կինոյում Հրանտ Մաթեւոսյանի «փռած ու բնակեցրած հովտում» հայը գալիս հանգում է իր ու երկրի երեկվա օրվա իմաստավորմանն ու վաղվա օրվա բանաձեւմանը։ Մեր քոլեջականներն, ահա, ոտք դրեցին այդ արեւոտ հովիտ, եւ այո՝ նաեւ մեծ գրողի փռած հովտում «բնակվելով»՝ կարդալով, պետք է իմաստավորեն իրենց օրն ու բանաձեւեն ապագան։