ՀԱԱՀ Ա. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ուսանողները ուշիուշով հետաքրքրվում եւ հետեւում են 21-րդ դարի գիտատեխնիկական զարգացման ընթացքին: Օրերս էլ այցելել էին Ինժեներական քաղաք՝ մասնակցելու «Ինժեներական շաբաթ Երեւանում» համաժողովին։
Քոլեջականները գործնական պայմաններում ծանոթացան, մասնավորապես, ռոբոտաշինության եւ թվային գյուղատնտեսության մեջ դրոնների կիռառության բնագավառներում առկա տեխնոլոգիական զարգացումներին։ Այցելեցին ինժեներական քաղաքի արտադրամաս, որտեղ տեսան միկրոսխեմաների հավաքման գործընթացը, ծանոթացան եռաչափ տպիչներով 99 տոկոս ճշգրտությամբ դետալների պատրաստման սկզբունքներին։ Այցելեցին նաեւ ինժեներական քաղաքի թանգարան, որտեղ խնամքով պահպանվում են հայտնի հայ գիտնականների, այդ թվում ՆԱՍԱ-ի հետազոտական աշխատանքներում ներդրում ունեցած մեր հայրենակիցների աշխատանքները։ Թանգարանում պահպանվել են փորձանմուշներ, որոնք մի քանի անգամ եղել են տիեզերքում:
«Ուրախալի է, որ ուսանողները մեծ հետաքրքրությամբ պարզապես կլանում էին ներկայացվող տեղեկությունները: Նրանք խոստացան, որ սեփական լուման կունենան Հայաստաանի գիտության առաջխաղացման մեջ։ Շնորհակալ ենք միջոցառման կազմակերպիչներին հրավերի համար: Հուսով եմ, նման այցելությունները շարունակական կլինեն՝ չէ որ դրանք մեծապես նպաստում են մեր ուսանողների ավելի մեծ շահադրդվածությանը մասնագիտությանը տիրապետելու եւ աշխատաշուկայում իրենց տեղը գտնելու հարցում»,- ասում է քոլեջի փոխտնօրեն Լիանա Խաչատրյանը: