Փորձուսուցում. Լավագույն «գործընկերությունները» դռները սիրով են բացում մեր ուսանողների առջեւ

Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, «Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն» հեռակա համակարգի չորրորդ կուրսեցիները կոնյակագործություն առարկայի դասախոս դոցենտ Նարինե Կարապետյանի ղեկավարությամբ փորձուսուցման հետաքրքիր օր անցկացրեցին Պռոշյանի կոնյակի գործարանում: Այս ընկերությունը մեր բուհի վաղեմի-հաստատուն-հուսալի գործընկերներից է, որ միշտ սիրով է աջակցում-մասնակցում ոլորտի նոր սերնդի մասնագետների կրթության գործին:

Ուսանողներին անգնահատելի տեղեկություններ են փոխանցել արտադրության գլխավոր տեխնոլոգ Ալբերտ Ներսիսյանը, լաբորատորիայի քիմիկոսներից Լիլիթ Ղավալյանը:

-Առաջին անգամ էինք գործարանում, շատ հետաքրքիր նորություններ բացահայտեցինք՝ շշալցման նրբությունները բացատրեցին: Ընդհանրապես, հրաշալի գործարան է, մեծ, մաքուր, գործը սիրող մասնագետներով համալրված: Ես էլ մեծ ուրախությամբ կցանկանայի նման մի մեծ թիմ-ընտանիքի անդամ լինել: Մեր մասնագիտությունը հնարավոր չէ չսիրել, իսկ սերն էլ նվիրումով աշխատանքի հիմքն է,- ասում է ուսանողուհի Լիլիթ Հարությունյանը եւ ավելացնում,- ցանկալի է, որ հաճախակի լինեն նման այցերը:

Շեշտենք նաեւ, որ Բուսաբուծական մթերքների վերամշակման ամբիոնի (վարիչ՝ դոցենտ Նունե Սիմոնյան) բոլոր դասախոսները, մասնավորապես դոցենտ Նարինե Կարապետյանը շատ հետեւողական են, որ ուսանողները տեսական գիտելիքները ամրակայեն գործնականում եւ պատահական չէ, որ մեր շրջանավարտները իրենց գործի ու մասնագիտության պատմուճանի պատիվը միշտ բարձր են պահում: