Այսօր Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ավարտվեց ապրիլի 27-ին մեկնարկած «Եվրասիական տնտեսական ինտեգրումը եւ հարակայուն զարգացումը համաշխարհային վերափոխումների պայմաններում» խորագրով միջազգային գիտագործնական խորհրդաժողովը, որին մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության տարբեր տարածաշրջանների եւ Վրաստանի տասնյակից ավելի համալսարանների, գիտական կենտրոնների ու ագրոարդյունաբերական կառույցների 30 գիտնականներ։
Գիտաժողովի աշխատանքները համադրում էին Կրասնոդարի «Կուբանի գիտակրթական նախաձեռնություններ» տարածաշրջանային բարեգործական հիմնադրամի նախագահ Վասիլի Սորոկոժերդեւը եւ ՀԱԱՀ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Էդուարդ Ղազարյանը։
Ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ջերմորեն ողջունելով հյուրերին, ծանոթացրեց վերջին 4 տարում ՀԱԱՀ-ում իրականացված բարեփոխումներին, նշեց ավելի քան 50 նոր լաբորատորիաների ստեղծման, առաջիկայում բացվելիք նորարարական նոր ենթակառույցների, համալսարանի ուսումնափորձնական տնտեսությունների գործունեության, վերապատրաստման կարճաժամկետ ծրագրերի, աշխատանքային կիսամյակի հաջողված ներդրման, նորարարական այլ զարգացումների մասին։ Պարոն Ուռուտյանն ասաց, որ ՀԱԱՀ գիտնականները մշտապես ուշադրության կենտրոնում են պահում գիտաժողովի քննարկած հարցերը, ինչպիսիք են՝ սոցիալ-տնտեսական զարգացման մոդելները, գյուղական շրջանների զարգացումը, նոր տեխնոլոգիական կացութաձեւերի ձեւավորումը, ագրարային տնտեսության նոր դերակատարությունը արտադրության բնապահպանականացման պայմաններում, միջազգային եւ ներտարածարջանային տնտեսական ինտեգրման խնդիրները եւ այլն։
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին եւ դրա դերը բարձր գնահատեցին նաեւ պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը, պարոն Սորոկոժերդեւը, Հարավային դաշնային համալսարանի ռեկտոր, պրոֆ․ Մարինա Բորովսկայան, Թբիլիսիի Բույսերի կենսաբանական պաշտպանության «Բիոագրո» կենտրոնի տնօրեն, դոկտ․Կարլո Կիկորիան, Մայկոպի պետական տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Սաիդա Կուիժեւան։
Քառօրյա գիտաժողովի հագեցած ծրագրի լիագումար նիստերի ու կլոր սեղանների շրջանակում մասնակիցները հասցեագրեցին ու քննարկեցին թեման լայնորեն ընդգրկող հարցեր՝ ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում ԵԱՏՄ երկրների փոխգործակցություն, ապագայի էկոհամակարգերի ձեւավորում, վնասատուների դեմ պայքար, արագ աճող ընկերությունների գնահատում, տնտեսական պատժամիջոցների պայմաններում ֆինանսավորման խնդիրներ, գյուղատնտեսական հողերի օգտագործման քանակական գնահատում, տարածաշրջանային տնտեսական ներուժի զարգացման նորարարական մեխանիզմներ, բիզնես մոդելների թվայնացում, միգրացիայի տնտեսական եւ բնապահպանական նախադրյալները եւ այլն։
Հատկանշական է ՀԱԱՀ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դասախոսների եւ գիտնականների լուրջ ներգրավվածությունը գիտաժողովի աշխատանքներին, եւ հատկապես ուրախալի են մեր երիտասարդ մասնագետների բավականին ծանրակշիռ մասնակցությունը, գործնական կապերի ձեռք բերումը եւ իրենց աշխատությունները մի շարք տարածաշրջանային ու միջազգային գիտական հանդեսներում տպագրելու հնարավորությունը։
Բարեկամական մթնոլորտում, գիտական ազնվության եւ մասնագիտական պարտքի գիտակցությամբ անցած գիտաժողովի կազմակերպիչներին ու մասնակիցներին հաջողվեց այս հարթակն առավելագույն արդյունավետությամբ օգտագործել ներկա համաշխարհային ոչ միանշանակ, որոշակի առումներով տագնապալի զարգացումների խորապատկերում տնտեսական ինտեգրման եւ հարակայուն զարգացման համար հիմքերի ձեւավորմանն օժանդակելու նպատակով համերաշխորեն հանգել ընդհանուր մոտեցումների։
Գիտաժողովի արդյունավետությունն ակնհայտ է, մանավանդ՝ վերջին տարիներին սովորական դարձած առցանց գիտաժողովների համատեքստում այս մեկն առանձնացավ գործարար եւ բարեկամական կապերի ամրապնդմամբ եւ նոր կապերի ստեղծմամբ։ Իսկ մեր համալսարանի նկատմամբ մասնակիցների ձեւավորած կարծիքներն ամփոփեց պրոֆեսոր Բորովսկայան․ «Այն ամենն, ինչ այս այցիս տեսա Ագրարային համալսարանում՝ հոգուս նստեց»։