Սրտատրոփ էինք սպասում այս օրվան: Ուսանողները՝ հատկապես: Այսօր՝ նոյեմբերի 2-ին, հանդիսավորությամբ բացվեց հացի, հրուշակեղենի, շոկոլադագործության լաբորատորիան, որը հիմնվեց Ռազմավարական զարգացման գործակալություն ՀԿ-ի «Գիտելիքների եւ հմտությունների զարգացում» ծրագրի շրջանակում: Այսուհետ երիտասարդների վառ երեւակայության, ամենաանկանխատեսելի արդյունքների, ավանդականն ու նորագույնը իրար շաղկապելու տիրույթ է սա լինելու: Անուշ տիրույթ… Շատ շուտով կմեկնարկի 14 բաղադրիչով՝ մոդուլով, հավաստագրված, մասնագիտական դասընթացը: Կկազմակերպվեն վարպետաց դասեր:
– Հավատարիմ մնալով Համալսարանի նոր՝ ագրոտեխնոլոգիական գերազանցության կենտրոն դառնալու տեսլականին, հերթական շատ կարեւոր, սպասված քայլն ենք անում,- դիմելով ներկաներին ասաց ռեկտոր Վարդան Ուռուտյանը,- Եւ այս հարցում անուրանալի է մեր ռազմավարական գործընկեր՝ Ռազմավարական զարգացման գործակալության եւ նախագահի՝ Մկրտիչ Այվազյանի դերը:
Այս համագործակցությունն արդեն տվել է իր արդյունքները եւ շարունակվելու միտում ունի, իսկ սա նշանակում է, որ գիտակրթական բազում նորարարություններ կյանքի կոչելու, երազանքից իրականության վերածելու հնարավորություններ դեռ շատ ենք ունենալու:
ՀԱԱՀ – ՌԶԳ փոխարդյունավետ համագործակցության արդյունքները բարձր գնահատեց նաեւ ՀԿ-ի նախագահը՝ Մկրտիչ Այվազյանը: Տարիներ առաջ կարելի էր միայն երազել գործնական հմտությունները կատարելագործելու նման հնարավորության մասին:
Ռեկտորը պարոն Այվազյանին հանձնեց շնորհակալագիր եւ խորհրդանշական հուշանվերներ: