Անցյալից ունենք վերապատրաստումների ձախորդ փորձ, երբ մեր կայացած մասնագետներով համալրված լսարանում հայտնվում էր դրսից որեւէ սկսնակ՝ բուհի առանձնահատկություններից, անցած ճանապարհից, մասնագետների կարողություններից անտեղյակ մեկը ինքնավստահ ու խիստ դասագրքային՝ դասատվությամբ էր զբաղվում: Եւ որքան անտեղյակ, ճիշտ այդքան՝ վստահ: Սա աքսիոմատիկ շղթա է բոլոր տարիքային խմբերի համար: Գրեթե բնության օրենքի չափ հստակ գործող:
Սակայն այս տարի ՈԳԱԿ-ը նախաձեռնեց վերապատրաստումների մի քանի նախագծեր, որոնք իրականացրին հենց կենտրոնի աշխատակիցները: Հերթականը, որ նվիրված էր դասավանդման ժամանակակից մեթոդներին, իրականացվեց անցյալ շաբաթ, երեք խմբերի համար երկուական հանդիպումով: Դասընթացավարն էր կենտրոնի տնօրեն, տ.գ.թ., դոցենտ Աննա Դաշտոյանը, որը դասավանդման լավագույն փորձ ունի եւ հրաշալի գիտե վերապատրաստվող լսարանը՝ մասնակիցների թույլ եւ ուժեղ, փափուկ եւ կարծրատիպային եւ էլի հազար ու մի հատկանիշներով հանդերձ:
Ասել, թե շատ հետաքրքիր-շիտակ-նախանձախնդիր քննարկումներ ծավալվեցին, նշանակում է ոչինչ չասել: Յուրաքանչյուրն իր լավագույն կամ պակաս լավագույն փորձն էր դիտարկում: Շիտակ: Ճիշտ ճանապարհը գտնելու նպատակով, որից եզրակացություններ կանեին ու կշահեին բոլորը: Այստեղ չկային բարդույթներ, չկար իրար զարմացնելու կամ ինչ-որ բան ապացուցելու անհեթեթություն: Սա մանկավարժ-մասնագետների աշխատանոց էր՝ տիկին Դաշտոյանի հմուտ առաջնորդությամբ:
«Ձնագնդի էֆեկտ», շրջված լսարան, խառը ուսուցում՝ սրանք շատ լավ մեթոդներ են, որոնցից մեկը հենց հաջորդ օրը հաջողությամբ կիրառեցի: Եւ վերջապես՝ բաժանիր եւ տիրիր Անտիկ աշխարհից եկած ճշմարտությունը նոր բովանդակություն ունի ժամանակակից կրթության ոլորտում՝ կուրսը բաժանիր աշխատանքային թիմերի եւ կտիրեք առարկայի բոլոր նրբություններին: Ուրեմն, նաեւ կրթության որակին:













