Վերապատրաստման ծրագիր Արցախում՝ ՀԱԱՀ մասնագետների ուժերով

Հոկտեմբերի 19-ից 21-ը Արցախի Հանրապետությունում էր ՀԱԱՀ-ի մասնագիտական խորհրդատվական խումբը՝ Ագրոնոմիական ֆակուլտետի  դեկան, դոցենտ Արմենակ Տեր-Գրիգորյանի գլխավորությամբ։

ԱՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի «Գյուղատնտեսության ոլորտի զարգացման նպատակով   մասնագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպում Արցախի Հանրապետությունում» համար 32-1/3848 գրության համաձայն, Արցախի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների եւ մասնագետների վերապատրաստման եռօրյա դասընթացն անցկացվեց երեք ուղղություններով՝ բույսերի պաշտպանություն (Արմենակ Տեր-Գրիգորյան), ջերմատնային մշակության տեխնոլոգիաներ (Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի դասախոս, գ.գ.թ Նաիրա Գասպարյան) եւ պտղաբուծություն (Այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի դոցենտ Էթերի Ստեփանյան):

Վերապատրաստման դասընթացներին մասնակցում էին ԱՀ Էկոնոմիկայի եւ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի, «Սերմնաբուծություն եւ սելեկցիոն նվաճումների պահպանության կենտրոն» ՓԲԸ ներկայացուցիչներ, «Բույսերի պաշտպանություն ծառայություն» ՊՈԱԿ մասնագետներ, Ասկերանի, Մարտակերտի եւ Մարտունու շրջվարչությունների աշխատակազմերի գյուղատնտեսներ: Վերապատրաստման դասընթացներին ընդհանուր առմամբ մասնակցեցին 32 ներկայացուցիչներ եւ մասնագետներ:

Ինչպես հավաստիացրել են դասընթացների մասնակիցները, վերապատրաստման թեմաները կարեւոր էին իրենց համար եւ այս առումով դրանց կարիքը «հասունացել» էր։ Դասընթացների բոլոր երեք օրերի ընթացքում եղել են բուռն քննարկումներ, ակտիվ հարցեր եւ պատասխաններ: ՀԱԱՀ դասախոսները, մասնագիտական կարեւոր գիտելիքներից բացի, արցախցի գործընկերներին են փոխանցել նաեւ մասնագիտական գրքեր, ձեռնարկներ, խորհրդատվական այլ նյութեր:

Հանդիպում է կայացել նաեւ ԱՀ Էկոնոմիկայի եւ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանի հետ: Քննարկվել են Արցախի գյղատնտեսության համար կարեւորություն ներկայացնող, ինչպես նաեւ խորհրդատվական միջոցառումների կարեւորությանն ու շարունակականությանն առնչվող հարցեր: