«Սպայկա»-ն փորձուսուցման եւ աշխատանքի հնարավորություն է ստեղծում ՀԱԱՀ ուսանողների համար

Ագրարային էին այցելել խոշորագույն գյուղատնտեսական հոլդինգի՝ «Սպայկա»-ի ներկայացուցիչները: ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ուսանողների բավականին մեծ խմբի եւ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ուսանողների հետ ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Շուշանիկ Սիրոյանի եւ Վոլվո սերվիս կենտոն/VOLVO TRUCKS-ի ղեկավար Արգամ Հարությունյանի նախաձեռնած հանդիպումը սպասված էր:

Ընկերության ներկայացուցիչները հետաքրքրված ուսանողներին առաջարկեցին իրենց փորձուսուցումն անցնել «Սպայկա»-ում, մասնավորապես, VOLVO տեխսպասարկման կենտրոնում: Նրանք նշեցին, որ արդեն հաջող համագործակցում են ագրոնոմիական մասնագիտությունների ուսանողների հետ եւ ցանկանում են ներգրավել նաեւ ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ուսանողներին:

Վոլվո սերվիս կենտրոնի ղեկավար Արգամ Հարությունյանը, որը Ագրարայինի ճարտարագիտության ֆակուլտետի շրջանավարտ է, գիտությունների թեկնածու, նշեց, որ սա հնարավորություն է՝ լինելով ուսանող, վաստակել գումար եւ դառնալ պահանջված մասնագետ: Ուսանողները կկարողանան մասնագիտական գործնական գիտելիքներ ստանալ եւ հարուստ փորձ ձեռք բերել ոլորտի լավագույն, նաեւ արտերկրից հրավիրված մասնագետների օգնությամբ: Աշխատանքային գրաֆիկը չի խոչընդոտի բուհում ուսումնական գործընթացը: Պարոն Հարությունյանն ընդգծեց, որ ընկերությունը ավտոփականագործի, ավտոէլէկտրիկի եւ բեռնատարների սառնարանների մասնագետների կարիք ունի:

«Սպայկա»-ի ներկայացուցիչները վստահեցրին, որ խիստ անհատական ժամկետներով կազմակերպվող փորձուսուցումը հաջող անցած ուսանողներին բարձր աշխատավարձով աշխատանք կառաջարկվի ընկերությունում:

«Սպայկա»-ն զբաղվում է գյուղատնտեսական բազմապրոֆիլ արտադրությամբ. ընկերությունը միրգ եւ բանջարեղեն է արտադրում եւ արտահանում Եվրոպա, ԱՊՀ եւ Պարսից ծոցի երկրներ:

Այսօր «Սպայկա»-ն ապահովում է մեր գյուղարտադրության ոլորտի արտահանման ծավալների շուրջ 75 տոկոսը։

«Սպայկա» ընկերությունը նաեւ VOLVO, CARRIER TRANSICOLD, SHMITZ CARGOBULL ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: Ընկերության շարժակազմը համալրված է հանրահայտ VOLVO մակնիշի ավելի քան 320 փոխադրամիջոցներով: 2016թ.-ից գործում է շուրջօրյա VOLVO տեխսպասարկման կենտրոնը, որը ժամանակակից մեքենաների սպասարկման ոլորտում բազմապրոֆիլ տեխնիկական սպասարկման աշխատանքներ է մատուցում:

Ուսանողները տեղում լրացրեցին «Սպայկա»-ում փորձուսուցման հայտերը։