Ռումինական համալսարանը համալրում է գործակիցների ընդլայնվող ցանկը

Ռումինիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ օրերս տեղի ունեցավ Բուխարեստի ագրոնոմիական գիտությունների եւ անասնաբուժական բժշկագիտության համալսարանի եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պատասխանատուների առցանց հանդիպում։ Այդ երկրում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանն էլ վարում էր հանդիպումը։

ՀԱԱՀ-ից հանդիպմանը մասնակցում էին ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը, Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանը եւ Միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Գարեգին Համբարձումյանը։

Կողմերը ներկայացրեցին իրենց բուհերի կրթական եւ գիտահետազոտական հնարավորությունները, ուրվագծեցին գործակցության ուղղվածությունն ու շրջանակը։ Ծավալված շահագրգիռ ու հետաքրքիր քննարկման ավարտին որոշվեց առաջիկայում երկու բուհերի միջեւ կնքել գործակցային հուշագիր։

Հեռանկարային փոխշահավետ գործակցություն խոստացող այս նախաձեռնության համար բարձր ենք գնահատում դեսպան Մինասյանի նախաձեռնությունը եւ դեսպանության աշխատակից Լիանա Մինասյանի կազմակերպչական ջանքերը։