Ռեկտոր Վարդան Ուռուտյանը ողջունում է Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

Սիրելի ուսանողներ եւ երիտասարդներ։

Ուրախ եմ բոլորիդ ողջունել եւ շնորհավորել Երիտասարդության միջազգային օրվա առթիվ։ Այս տոնը, լինելով համեմատաբար երիտասարդ, դարձել է ամբողջ աշխարհում երիտասարդների սիրելի տոներից մեկը։ Սա մասնավորապես բացատրվում է այն հանգամանքով, որ այս օրը երիտասարդությանն առնչվող բազմաբնույթ հարցերի բարձրացման, նրանց խնդիրների վերաբերյալ իրազեկման օր է։

Հենց այսօր Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում տեղի են ունենում Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ, որոնց մասնակցում են նաեւ մեր համալսարանի ուսանողները։ Ի դեպ, Կապանը հռչակվել է 2021 թ․-ի երիտասարդական մայրաքաղաք, հանգամանք, որը դրականորեն է ազդում քաղաքի երիտասարդության եւ առհասարակ համայնքի կյանքի աշխուժացման առումով։

Երիտասարդական տոնը ձեզ հետ միասին մենք դիմավորում ենք կատարված աշխատանքներով բավարարվածության եւ ավելին անելու վճռականության զգացումով։ Համալսարանի նորացման տարաբնույթ աշխատանքները՝ ուսումնականից մինչեւ շինվերակառուցողական, չեն դադարում։ Սեպտեմբերին՝ նոր ուսումնական տարվա մեկնարկին, դուք էլի նորություններ կտեսնեք։ Կարեւորն այն է, որ բարեփոխումներն իրականացվում են փոխադարձ հասկացողության, նորարարության ոգուն երկուստեք նվիրվածության մթնոլորտում։

Մեր համալսարանի ուսանող երիտասարդները Հայրենիքին ու հարազատ համալսարանին իրենց նվիրվածությունն ապացուցել են պատերազմի դաշտում, լսարանում, ֆերմայում, արտադրական գործընթացներում։ Ես հավատում եւ վստահում եմ ձեզ եւ կոչ անում դառնալ լավ մասնագետներ եւ հզորացնել երկիրն ու ժողովրդին։

Շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի առթիվ եւս մեկ անգամ եւ մաղթում ապագայի ճիշտ պատկերացում ու տեսլական, համարձակ որոշումներ, ստեղծագործ աշխատանք։