ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանն աշխատանքային այցով Գարդենիա Լեբնիզ ֆարմս ՍՊԸ Բագրատաշենի եւ Եղվարդի այգիներում էր։ Այցին մասնակցում էր նաեւ կանադահայ գործարար, Ararat Trading ընկերության հիմնադիր, ռեկտոր Ուռուտյանի լավ բարեկամ Հարութ Սիփանը։
Գարդենիա Լեբնիզ ֆարմսի հիմնադիրը եւ գլխավոր գործադիր տնօրենը բարձրորակ բրենդային սննդամթերք արտադրող եւ մատակարարող լիբանանյան Գարդենիա Գրայն Դ՛օր ընկերության հիմնադիր Նիկոլաս Աբու Ֆայսալն է․ այս ընկերությունը ոլորտի ամենախոշորներից է տարածաշրջանում։
Գարդենիան Բագրատաշենում 230 հեկտարի վրա հիմնել է այգիներ՝ տարբեր ծառատեսակների տարբեր մշակաձեւերով, այդ թվում Հայաստանում մինչ այդ չաճեցված մի շարք ծառատեսակներով, ինչպիսիք են մայրու ընկույզը (փիճի), շագանակենին, պեկան ընկույզը (Հայաստանում աճեցվել է 40-60-ական թթ․)։ Ընկերությունն ունի նաեւ 120 հա Իդեալ տեսակի ընկույզի այգիներ Եղվարդում։
Պարոն Ֆայսալի հետ ռեկտոր Ուռուտյանը քննարկեց համագործակցության մի քանի ուղղություններ։ Պարոն Ֆայսալը, որ հայտնի գործարար է Լիբանանում եւ երկրի սահմաններից դուրս, մեծապես կարեւոր է համարում կրթության դերը թե իր հայրենիքում եւ թե երկրորդ հայրենիքում, որ Հայաստանն է։ Ուղղակի կամ միջնորդավորված ճանապարհով իր արտադրանքը ավելի քան 50 երկիր արտահանող եւ մեր երկրում իր բիզնեսի կայացման ճանապարհին բազմաթիվ դժվարություններ հաղթահարած գործարարը ոչ միայն երբեք չի ընկրկել, այլեւ առանձնահատուկ սիրով է լցված Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ։
Գարդենիա Գրեյն Դ՛օր ընկերությունը լիբանանյան առաջատար համալսարանների հետ համագործակցության լավ փորձ ունի․ կազմակերպում է ուսանողների արդյունավետ փորձուսուցումներ Զահլե քաղաքում գտնվող իր գործարանում։
Պարոն Ֆայսալը ողջունել է Ագրարային համալսարանի ուսանողներին իր ընկերությունում ընդունելու հնարավորությունը, պատրաստակամություն հայտնել Գարդենիայիում կազմակերպել մեր ուսանողների աշխատանքային կիսամյակները։ Առաջիկայում կստորագրվի գործակցության համապատասխան հուշագիր։
Նիկոլաս Աբու Ֆայսալը սիրում է Հայաստանը, այստեղ իրեն զգում ինչպես տանը եւ, ամենակարեւորը՝ հավատում է մեր երկրի լավ ապագային։ Այսպիսի գործարարի, պրոֆեսիոնալի եւ նվիրյալ մարդու հետ ծանոթությունն ու համագործակցությունը մեծապես օգտակար կլինի մեր ուսանողների համար, մասնավորապես՝ որպես կյանքում ճիշտ նպատակներ դնելու եւ անդուլ աշխատանքով դրանց հասնելու լավագույն օրինակ։
- 17/08/2023
- 2023