Այսօր՝ նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ ռեկտորատի հերթական նիստ՝ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ։ Նիստը մեկնարկեց 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության արդյունքների վերաբերյալ ռեկտորի հայտարարությամբ, ըստ որի, նախորդ ուստարվա համեմատ, համալսարանը զգալի առաջընթաց է գրանցել։ Ընդհանուր առմամբ, այս տարի ՀԱԱՀ-ի, ներառյալ մասնաճյուղերը, բակալավրիատի առկա եւ հեռակա համակարգեր եւ միջին մասնագիտական կրթական ստորաբաժանումներ է ընդունվել 2298 ուսանող՝ այսինքն 16,1 %-ով ավելի, քան անցյալ ուստարի։ Որպես կարեւոր առանձնահատկություն՝ պարոն Զաքոյանը նշեց Ագրարային համալսարանի նկատմամբ ԿԳՄՍ նախարարության եւ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի առանձնահատուկ դրական մոտեցումը (խոսքը վերաբերում է արտոնյալ ընդունելությանը եւ կրթաթոշակների տրամադրմանը) եւ ընդգծեց, որ ստեղծված լուրջ հնարավորությանը պետք է արձագանքել որակյալ մասնագետներ պատրաստելով։
Ռեկտորատի քարտուղար Էմմա Մխեյանը հանդես եկավ ռեկտորատի նախորդ նիստի որոշումների կատարողականի մասին զեկուցմամբ, իսկ օրակարգային հաջորդ հարցով քննարկվեցին եւ հաստատվեցին վճարովի ուսուցման համակարգում սովորող ուսանողների ուսման վարձավճարների զեղչերը։ Այնուհետեւ ռեկտորատը լսեց եւ հաստատեց 2024-2025 ուստարում համալսարանի ամբիոններում ուսումնական ծանրաբեռնվածության կատարման ամփոփ արդյունքների և խնդիրների վերաբերյալ ուսումնական գործընթացի կառավարման վարչության պետ Արմեն Աղասարյանի հաղորդումը:
Օրակարգային հաջորդ երկու հարցերը վերաբերում էին ուսումնական պարապմունքների ընթացքին, խնդիրներին և բարելավման ուղիներին, հեռակա ուսուցման համակարգի 2025-2026 ուստարվա ընդունելության արդյունքներին։ Այս հարցերով քննարկումների առանցքում դարձյալ կարգապահությունն ու լավ մասնագետ պատրաստելու գերնպատակին ողղված գործողություններն էին։ Այս առումով ռեկտոր Հրաչյա Զաքոյանը հստակ ձեւակերպեց պրոֆեսորադասախոսական անձնակազմից եւ ստորաբաժանումների ղեկավարներից ակնկալվող վերաբերմունքը․ պետական մարմինների լուրջ աջակցությամբ ուսանողների թվաքանակի ավելացումը որակյալ մասնագետներ պատրաստելու լրացուցիչ հնարավորություն է ստեղծե, եւ մեր յուրաքանչյուր գործողություն ամենօրյա ռեժիմով պետք է ի վերջո հանգեցնի ուսման որակի բարձրացմանը։
«Ագրարային համալսարանում լավ սովորելուն այլընտրանք չի կարող լինել․ ուսանողների մեծ թիվը ինքնանպատակ չէ, մեր առաջնահերթ խնդիրը մեծ թվով մրցունակ մասնագետներ պատրաստելն է», – ասաց պարոն Զաքոյանը՝ հավելելով, որ համալսարանում ուսումնական գործընթացի կազմակերպմանն առնչվող ամեն հարց պետք է կարգավորվի՝ ելնելով ուսանողի կարիքներից, ընդ որում «երդվյալ» չսովորողների ներկայությունը Ագրարայինում բացառվելու է։ Իսկ բոլոր նրանք՝ դասախոս, աշխատակից, թե ուսանող, որ կնպաստեն համալսարանի բարի համբավին՝ պետք նկատվեն, գնահատվեն եւ ճանաչվեն։
Ա․Քոչինյանի անվան քոլեջում և Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանում ուսումնական գործընթացի կազմակերպման վիճակի մասին հարցը քննարկելիս բավականին բարվոք պատկեր ուրվագծվեց։ Վարժարանում հստակեցվել եւ նոր մակարդակի վրա են դրվել եւ պայմանագրային հարաբերություններով ամրագրվել կարգապահական, առաջադիմության եւ ծնողների հետ հաղորդակցության ու գործակցության հարցերը։ Արտադասարանական աշխատանքները գոհացուցիչ ընթացք ունեն, թարմացվել է դասագրքային ֆոնդը։
Քոլեջում, ինչպես նշեց տնօրեն Վարդան Վարդանյանը, դրական դինամիկան անզեն աչքով է երեւում։ Բացի ընդունելության աննախադեպ բարձր ցուցանիշից, կան ձեռքբերումներ դուալ ուսուցման համակարգում․ մասնավորապես, սեպտեմբերից մինչ օրս եւս 6 գործատուի հետ դուալ համակարգով ուսուցման մասին հուշագրեր են ստորագրվել։ Հինգ ուսանող աշխատանքային պայմանագիր է կնքել գործատուների հետ, որը պատանիների համար մասնագիտական ճանապարհի գերազանց սկիզբ է։ Դուալի հարցում երկու դժվարություն կա, որ պետք է հաղթահարել՝ շահադրդվածության որոշակի պակասը ուսանողների եւ գործատուների շրջանում եւ գործատուների կողմից ուսանողի անաչառ գնահատման խնդիրը։ Ինչ վերաբերում է կարգապահության պահանջները չբավարարող սովորողներին, ռեկտոր Զաքոյանը եւ ռեկտորատը հաստատակամ են՝ նաեւ քոլեջում, ծնողների հետ համագործակցելով, փորձել լուծել խնդիրը, այլապես դասի ժամին լսարանում չգտնվելը չի հանդուրժվելու։














