ՊԳԿ-ն եւ ՀԱԱՀ-ն իրականացնում են հողի առողջության բարելավմանը միտված RECSOIL նախաձեռնությունը

ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համագործակցությամբ ս․թ․ ապրիլին մեկնարկել է RECSOIL (Recsoil Green Path Pilot Project in Armenia / Հողերի վերահարստացում օրգանական ածխածնով (վերակարբոնացում), կանաչ ուղի Հայաստանում) նախաձեռնությունը, որն իրականացվում է Կոտայքի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում։ Այն փորձնական ծրագիր է, որի հիմնական նպատակն է հողի առողջության բարելավումը եւ դրա հարստացումը օրգանական ածխածնով՝ հողերի հարակայուն կառավարման գործելակերպերի (ՀՀԿԳ), ներդրման միջոցով։

Նախագծի նախապատրաստական փուլում տեղի են ունեցել ՀԱԱՀ ներկայացուցիչների առցանց եւ առկա վերապատրաստումներ գործընկեր կազմակերպության ներկայացուցիչների ուժերով՝ նախագծի իրականացման համար անհրաժեշտ դաշտային եւ լաբորատոր ուսումնասիրությունների մեթոդաբանության, տվյալների հավաքման եւ դրանց գործիքների ներկայացման վերաբերյալ։

Այնուհետեւ հաջորդել է գործընկեր կողմի ներկայացուցիչ Միքայելա Բրաունի մեկշաբաթյա այցը Հայաստան՝ հանդիպելու ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ու ՀԱԱՀ պատասխանատուներին, որի ընթացքում էլ ՊԳԿ հայաստանյան ներկայացուցչության (Վահան Ամիրխանյան) եւ ՀԱԱՀ գործընկերների (Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոն՝ Գագիկ Թովմասյան, Սասուն Մամաջանյան, Լուսինե Երիցյան, Մերի Հոխանյան, ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղ՝ Լեւոն Մկրտչյան, ԳեոԳիկս ընկերություն՝ Ստեփան Խաչատրյան) հետ միասին իրականացվել են այցեր ՀԱԱՀ Բալահովիտի տնտեսություն եւ ընտրված թիրախային մարզեր՝ հանդիպելու նախագծին մասնակցելու պատրաստակամ ֆերմերների հետ։

Սյունիքի մարզի Սիսիան եւ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքներում այցերի ընթացքում իրականացվել է նախագծի ներկայացում թիրախային խմբերին, ինչպես նաեւ տեսական ու կիրառական ուսուցումներ դաշտավարությամբ զբաղվող ֆերմերների համար, որոնք հետագայում հանդես կգան որպես հողի բժիշկներ՝ այլ ֆերմերների շրջանում տարածելով հողերի կայուն կառավարման գործելակերպերը։ Ուսուցումները վերաբերում էին հողերի դաշտային հետազոտություններին, արտաքին տեսողական գնահատմանը եւ նմուշառման առանձնահատկություններին։

Նախագծի պիլոտային փուլում նախատեսված է թիրախային համայնքներում ՀՀԿԳ-երը ներդնել ընդհանուր 100 հա տարածքում՝ վարելահողեր, խոտհարքներ, արոտավայրեր, ընգրկել դաշտավարությամբ զբաղվող մոտ 40 ֆերմերների՝ մեծ եւ փոքր հողատարածքներով, որոնց շարքերում հատկապես ողջունելի էր կին տնտեսավարողների մասնակցությունը։ Անհրաժեշտ էր նախ քարտեզագրել բոլոր հողակտորները՝ ըստ ներկայացված փաստաթղթերի, ճշգրտել դրանց փաստացի սահմանները եւ օգտագործելով երկրատեղեկատվական համակարգերը՝ կազմել հողերի նմուշառման պլան՝ հաշվի առնելով տարածքի ԾՄ բարձրությունը, համասեռությունը, բուսածածկը, հողօգտագործման նպատակը եւ էլի մի շարք հանգամանքներ, որպեսզի ստացված մետատվյալները հնարավորիս լինեն ներկայացուցչական։ Քարտեզագրման համար օգտագործվել են տարածական տվյալների հավաքման ու մշակման առաջատար գործիքներ՝ Google Earth Engine, QGIS համակարգերը, իսկ մետատվյալների հավաքման համար՝ QFIELD եւ RECSOIL հավելվածները։