Սեպտեմբերի 14-ին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ պարենամթերքի տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների միջեւ՝ ՀԱԱՀ Պարենամթերքի տեխնոգիաների ֆակուլտետին կից Արդյունաբերական խորհուրդ ստեղծելու մասին։ Հուշագիրը ստորագրել են ոլորտի փորձագետներ, մասնավոր հատվածի գործատուներ, պետական եւ ՀԿ հատվածներում գործունեություն ծավալող մասնագետներ, ընդհանուր առմամբ՝ 18 անհատներ։
Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկանի համակարգմամբ գործող Արդյունաբերական խորհրդի գործունեության օրակարգն ընդգրկելու է ակադեմիական կրթությանը, գիտահետազոտական գործունեությանը, ուսանողների գործնական հմտությունների զարգացմանը, ֆոնդահայթայթմանն առնչվող աշխատանքներ։
Հուշագրի ստորագրումից առաջ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը ողջունեց հավաքվածներին, շնորհակալություն հայտնեց նորարարական այս ձեւաչափով համագործակցության պատրաստակամության համար։ Նա նշեց, որ ոլորտի առաջատար փորձագետների հետ համագործակցությունը նոր չէ, նրանք Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի հետ աշխատելու, տարաբնույթ հարցերում ֆակուլտետին օգնելու մեծ փորձ ունեն, սակայն ժամանակն է փոխշահավետ գործակցությունը դնել հաստատութենական հիմքերի վրա։ Ռեկտոր Ուռուտյանը համոզմունք հայտնեց, որ խորհուրդը «կանգնելու է ֆակուլտետի թիկունքին» առանցքային կարեւորություն ունեցող այնպիսի հարցերում, ինչպիսիք են ուսումնական պլանների բարեփոխումները, աշխատանքային կիսամյակների կազմակերպումը, կարճաժամկետ վերապատրաստումները եւ այլն։
«Թեպետ համալսարանն արդեն ստեղծել է ուսումնահետազոտական գործունեությունը արդիականացնելու համար անհրաժեշտ նորարարական ենթակառույցների լիարժեք համալիրը, սակայն մենք չենք պատկերացնում ժամանակակից տեխնոլոգիաների տիրապետումը փակ պատերի ետեւում․ արտադրական մասշտաբի տեխնոլոգիաների յուրացումը, տեխնոլոգիական նորույթները համալսարան բերելը անհնար է առանց ոլորտի հետ մշտական գործուն կապերի։ Այս առումով վստահ եմ, որ ֆակուլտետի զարգացման գործում կից գործող այսպիսի կառույցը մեծ դեր կունենա, նաեւ՝ մեր միջազգային գործընկերների աջակցությամբ», – ասաց պարոն Ուռուտյանը։
Պարենամթերքի տեխնոլոգիաների դեկան, տեխ․ գիտ․ դոկտ․ Սմբատ Դավեյանը, ողջունելով գործընկերներին, նշեց, որ գործընկեր փորձագետների գործուն աջակցությամբ ֆակուլտետը կկարողանա ավելի արդյունավետ եւ նպատակային օգտագործել առկա հարուստ ռեսուրսները՝ ուսումնական գործընթացի կազմակերպումից, ուսանողների գործնական հմտությունների զարգացումից մինչեւ շահառուների լայն հանրության համար կարճաժամկետ վերապատրաստումների իրականացումը։ Ընդ որում, ռեսուրսների առումով, ինչպես նշեց դեկան Դավեյանը, ֆակուլտետը խնդիր չունի, քանզի ամենամեծ թվով նարարարական ենթակառույցները հենց այս ֆակուլտետինն են։ «Ի վերջո, բարձրակարգ մասնագետների պատրաստումը մեր բոլորի խնդիրն է, եւ վստահ եմ, որ միասին մենք կարող ենք ավելին անել», – ասաց պարոն Դավեյանը։
Պարենամթերքի տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչ մեր գործընկերները դրականորեն արձագանքեցին թե Արդյունաբերական խորհրդի ստեղծման գաղափարին եւ թե համալսարանի ղեկավարների դիրքորոշմանն ու մոտեցումներին։ Առավելագույն արդյունավետություն ապահովելու համար նրանք պատրաստակամություն հայտնեցին ներդնել իրենց փորձագիտական կարողությունները, իրենց կազմակերպությունների արտադրական, գիտահետազոտական եւ զբաղվածության հնարավորությունները՝ հանուն ընդհանուր գործի հաջողության, որն է՝ պատրաստել որակյալ մասնագետներ ոլորտի եւ երկրի համար։ Այս նպատակին հասնելու ճանապարհին խորհրդի անդամներն իրենց դերը տեսնում են հարցերի բավականին լայն սպեկտրում, ընդհուպ մինչեւ լոբբիստական-օրենսդրական գործունեության մեջ։
Այսօրվա գյուղատնտեսական աշխատաշուկայի պահանջներն արագ են փոփոխվում, արագ էլ պետք է արձագանքել շուկայի պահանջներին․ արձանագրելով այս իրողությունը, թե համալսարանի եւ թե խորհրդի ներկայացուցիչները վստահություն հայտնեցին, որ Արդյունաբերական խորհուրդն այս առումով կունենա իր կարեւոր դերը, մանավանդ՝ «ձեռքի տակ ունենալով» մեր հուսալի գործընկեր, ԱՄՆ ՄԶԳ-ից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի»՝ աշխատաշուկայի վերաբերյալ խորքային հետազոտությունների տվյալները եւ մասնակցելով ծրագրի՝ գյուղոլորտում աշխատատեղեր ստեղծող աշխատանքներին։
Ամփոփելով հանդիպումը, ռեկտոր Ուռուտյանը շնորհավորեց ներկաներին Պարենամթերքի տեխնոլոգիաների Արդյունաբերական խորհրդի ստեղծման կապակցությամբ (որն արդեն երրորդն է համալսարանում) եւ համոզմունք հայտնեց, որ խորհրդում հավաքված փորձագետները, որ գլխավորապես ՀԱԱՀ շրջանավարտներ են, իրենց անհատական կարողություններն ու փորձառությունը կծառայեցնեն երկրի տնտեսության գերակա ոլորտ հռչակված գյուղատնտեսության զարգացման նպատակին, ներառյալ ռազմավարության ու քաղաքականության մշակման մակարդակներում։
- 15/09/2023
- 2023