Ուսումնական գործընթաց․ մեզ համար անչափ տպավորիչ, ուսանողների համար՝ անգլերենի սովորական դաս էր

Անտոն Քոչինյանի անվան քոլեջի Անասնաբուժություն մասնագիտության երրորդ կուրսը լավագույններից է: Հիմնականում մարդիկ են, որոնք մտադիր են ուսումը շարունակել նույն մասնագիտացմամբ՝ բակալավրիատ-մագիստրատուրա շղթայով: Ասել է, թե գիտեն ոլորտի դերն ու պատրաստ են նվիրվել հանրային առողջության տեսակետից այդ կարեւոր – պատասխանատու ասպարեզին:

Նրանք հետաքրքրասեր են, պարտաճանաչ, ճշտապահ, ամենադրական իմաստով աշխույժ: Այսօր առավոտյան Մանեն լսարան էր մտել ուշացումով, մի հանգամանք, որ, դասախոսների հավաստմամբ, բնավ բնորոշ չէ նրան, եւ չսպասեց հարցերի.

– Հիվանդ եմ, ջերմում եմ, բայց անգլերենի շնորհանդես ունենք, չէի կարող բացակայել:

Նշանակում է անհրաժեշտաբար պետք է ներկա լինել այդ դասին: Լսարանում արդեն պարզվեց, որ ոչ մի արտակարգ բան չի պատահել: Պարզապես՝ Հայոց եւ օտար լեզուների ամբիոնի ասիստենտ Նարինե Հակոբյանը տեքստային աշխատանքներից հետո մասնագիտական թեմաներ է առաջադրում, որոնք պետք է ուսումնասիրեն եւ ներկայացնեն անգլերեն, ցուցադրական նյութերի ուղեկցությամբ:

Շատ վարժ էին, նկատելի էր, որ օտար լեզվով խոսելու բարդույթը արդեն թոթափել են: Շատ վարժ ու սահուն էին խոսում, նաեւ մաքուր առոգանությամբ:

Երկու հանգամանք  կկամենայինք առանձնացնել.

ա. մեր սաներն արդեն շատ լավ հասկանում են մասնագետ դառնալու ճանապարհին անգլերենի կարեւորությունը եւ նպատակասլաց աշխատում են այդ ուղղությամբ,

բ. մեծ է դասախոսի դերը, որ կարողանում է բորբ ու գործուն պահել այդ հետաքրքրվածությունը:

Երկուստեք կեցցեն բոլորը: