Ապրիլի 29-ը հիշարժան օր էր ՀԱԱՀ-ի «Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի եւ մելիորացիայի գիտական կենտրոն» մասնաճյուղի եւ առհասարակ համալսարանի կյանքում․ ՀԱԱՀ 95-ամյա հոբելյանի շրջանակում վերաբացվեց Հողագիտության թանգարան-լաբորատորիան, կայացավ «Հայաստանի հողերի արդի վիճակը» գրքի շնորհանդեսը եւ կատարվեց հոբելյանական ծառատունկ։ Միջոցառման հյուրերի թվում էին ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արտուր Մովսիսյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հատուկ ծրագրերի բաժնի պետի տեղակալ Անդրանիկ Սարգսյանը, ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի մի շարք անդամներ, Փարաքարի միջնակարգ դպրոցի աշակերտներ եւ մանկավարժներ, այլք։
Այս երեք հանգրվան-նվաճումների կարեւորությունը ողջույնի իր ջերմ խոսքում շեշտեց 1958 թ․ հիմնադրված եւ 2012-ից Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համակարգում որպես գիտական մասնաճյուղ գործող, իր բնույթով Այսրկովկասում միակ գիտական կենտրոնի տնօրեն, գյուղ․ գիտ․ թեկնածու, դոցենտ Գայանե Գասպարյանը։
ՀԱԱՀ ռեկտոր Հրաչյա Զաքոյանը, բարձր գնահատելով մեծ պատմություն եւ խոստումնալից ապագա ունեցող գիտական մասնաճյուղի դերը, միջոցառումը բնութագրեց նաեւ որպես սերունդների համերաշխության յուրատեսակ դրսեւորում։ «Տասնամյակների ընթացքում ձեւավորված թանգարանը վերաբացվել, նոր շունչ է ստացել՝ պահպանելով երկար տարիների ընթացքում ստեղծվածը։ Սերունդների կրթության գործի ծանրակշիռ մասն է նաեւ մեր նախնիների ստեղծած բարիքները նրանց փոխանցելը»։ Պարոն Զաքոյանը շեշտեց «Հայաստանի հողերի արդի վիճակը» մենագրության եզակիությունն ու կարեւորությունը շահառուների լայն հանրության համար։
Ներկաներին ողջունեց եւ թանգարանի վերաբացման եւ գրքի հրատարակության առիթներով շնորհավորեց ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արտուր Մովսիսյանը։
Կենսաբանակիան գիտությունների դոկտոր Սամվել Սահակյանը խոսեց «Հայաստանի հողերի արդի վիճակը» մենագրության մասին (հեղինակներ՝ Հունան Ղազարյան, Վարդան Ուռուտյան, Գայանե Գասպարյան)։ Դոկտ․ Սահակյանը նշեց, որ գրքում ներկայացված են ՀՀ հողային պաշարների ներկա վիճակը եւ բարելավման ուղիները՝ կլիմայափոխության եւ հայտնի այլ ռիսկերի համատեքստում։ Այն գիտական կենտրոնի աշխատակիցների բազմամյա հետազոտությունների արդյունքն է, որ գյուղատնտեսության զարգացման արդի խնդիրների լուծման գործում լուրջ ներուժ ունի։ Գրքի նշանակությունն ակնհայտ է նաեւ Հայաստանի սահմաններից դուրս․ պատահական չէ, որ գիտական կենտրոնն այն թարգմանել է անգլերեն եւ առաջիկայում կհրատարակի բարձր վարկանիշավորմամբ միջազգային գիտական հարթակում։
Գիտական կենտրոնի աշխատակիցները պատրաստակամորեն ներկաներին ծանոթացրեցին վերաբացված, թարմացված, նոր ցուցանմուշներով համալրված՝ տարածաշրջանում միակ Հողագիտության թանգարան-լաբորատորիայի ցուցանմուշներին՝ կենտրոնի հիմնադիր տնօրեն, գիտության մեծ երախտավոր Հրանտ Պետրոսյանի գրասեղանից մինչեւ 17-18-րդ դարերի գյուղգործիքներ ու գյուղական կենցաղի տարբեր ժամանակաշրջանների առարկաներ, լաբորատոր սարքավորումներից մինչեւ ռելյեֆային քարտեզներ։ Եւ անշուշտ՝ թանգարանի անգնահատելի հարստությունը՝ Հայաստանի հողերի տեսակների ու տիպերի նմուշները։
Թանգարան-լաբորատորիայի վերանորոգումն ու նոր տեխնոլոգիաների միջոցով արդիականացումն իրականացվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի դրամաշնորհային նախագծի շրջանակում։ Լաբորատոր բաժնում հետազոտական աշխատանքներ են իրականացնում ոչ միայն գիտական կենտրոնի աշխատակիցները, այլեւ դպրոցականներ, ուսանողներ, գիտաշխատողներ՝ գործընկեր տարբեր կազմակերպություններից։
Միջոցառման հյուրերի թվում առանձնանում էր Փարաքարի միջնակարգ դպրոցի աշակերտների ու մանկավարժների խումբը։ Երեխաներն այստեղ զգում էին ինչպես տանը, չէ որ արդեն ավանդական կապեր կան այս դպրոցի ու գիտական կենտրոնի միջեւ․ բավականին հաճախակի են գալիս եւ հենց թանգարանում էլ իրականացնում լաբորատոր անալիզներ իրենց դպրոցական նախագծերի շրջանակներում։
Գիտական կենտրոնի հարակից այգում կատարվեց հոբելյանական ծառատունկ (արդեն երկրորդը՝ նվիրված համալսարանի 95-ամյակին), որին հաճույքով մասնակցեց Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արտուր Մովսիսյանը։ Տնկվեց բարձրարժեք 6 ծառատեսակ, որ Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի գեղեցիկ նվերն էր հոբելյանի առթիվ։
Նշանակալից իրադարձությունը մասնակիցներն ամփոփեցին Ագրարային համալսարանի մեկական գավաթ «Սերունդ» գինով։