Մենք «Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն» մասնագիտության այն մագիստրանտներն ենք, որ բաց չթողեցին հնարավորությունը նոր փորձ եւ գիտելիքներ ձեռք բերելու Իտալիայում՝ երկամսյա փորձուսուցում անցնելով Մարկեի պոլիտեխնիկական համալսարանում։ Ընձեռված հնարավորության համար, նախ, խորին շնորհակալություն ենք հայտնում ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտին։
Այս 2 ամիսների ընթացքում հնարավորություն ունեցանք ծանոթանալու համալսարանի լաբորատոր սարքավորումներին եւ դրանց աշխատանքին, մասնակցեցինք տարբեր փորձարկումների, ինչպիսին էր, օրինակ, բիոամինների եւ պոլիֆենոլի ընդհանուր պարունակության որոշարկումը: Այս հետազոտությունների շնորհիվ ավելի լայն պատկերացում ունեցանք գինու կազմի վերաբերյալ՝ նաեւ օգտագործելով լաբորատոր փորձարկումների մասին ունեցած նախնական գիտելիքներն ու նախապես ուսումնասիրելով հավելյալ մասնագիտական գրականություն։
Ինչ գինեգործական փորձառություն՝ առանց խաղողի այգիներ եւ գինեգործարաններ այցելության։ Այդպիսի հետաքրքիր ու բովանդակալից այցելելություններ ունեցանք մի շարք գործարաններ ինչպես Մարկեի շրջանում, այնպես էլ Տոսկանայում, որն ամբողջ աշխարհում հայտնի է իր գինեգործությամբ։ Այս այցելությունները ոչ միայն խորացրեցին իտալական խաղողագործության մասին մեր պատկերացումները, այլեւ ծանոթացրին իտալական գինու շուկան ձեւավորող դինամիկ միտումներին:
Իտալիայում փորփուսուցման ամենահաճելի կողմերից մեկն աշխարհի տարբեր ծայրերից ժամանած ուսանողների հետ ծանոթանալն ու աշխատելն էր: Բացի մասնագիտական գիտելիքներից, մենք զարգացրինք մի շարք փափուկ հմտություններ, օրինակ՝ հարմարվողականությունը, թիմում աշխատելու կարողությունը, հաղորդակցական հմտությունները եւ այլն։
Անհնար է լինել այլ երկրում եւ չծանոթանալ տվյալ երկրի մշակույթին։ Անցնելով հայտնի զբոսաշրջային ուղղություններով՝ բացահայտեցինք Իտալիայի հարուստ պատմամշակութային ժառանգությունը, ներառյալ՝ անկրկնելի կոլորիտով փոքր քաղաքները:
Մեր այցը Մարկեի պոլիտեխնիկական համալսարան ակադեմիական հետազոտությունների եւ մշակութային կրթության համադրություն էր: Լաբորատոր ուսումնասիրությունների, այգիներում եւ գործարաններում էքսկուրսիաների եւ միջմշակութային փոխգործակցության միջոցով մենք անգնահատելի փորձ ձեռք բերեցինք, որն իր ազդեցությունը կունենա մեր կարիերայի եւ անձնական աճի վրա։
Էդուարդ Ավետիսյան, Գոհար Հովսեփյան
«Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրս