Այսօր, փետրվարի 24-ին, մեկնարկեց մագիստրոսական ավարտաճառերի պաշտպանության խիստ պատասխանատու փուլը: Առաջինը սննդամթերքի անվտանգություն մասնագիտության ներկայացուցիչներն էին: Հանձնաժողովի կազմում, ինչպես միշտ, ոլորտի կայացած, հեղինակություն վայելող մասնագետներն են՝ Բեկոն պրոդուկտ ՍՊԸ գլխավոր տեխնոլոգ, տ.գ.թ. Յանա Բալույանցի նախագահությամբ:
Սկզբում իր սիրելի սաներին բարեմաղթանքի խոսքեր ասաց դեկանը՝ տ. գ. դ., դոցենտ Սմբատ Դավեյանը: Նա սովորաբար նման դեպքերում ծնողի ջերմությամբ, հույզերով, հպարտությամբ է հետեւում իրադարձություններին: Թեեւ հանգիստ է, նախապաշտպանության ժամանակ ուշադիր լսել է, թերթել է աշխատանքները, վերջին շտկումներն են արել թեզերի ղեկավարների հետ: Եւ Ագրիթեք սրահում համատեղ աշխատանքի, ջանքերի արդյունքն ակնհայտ էր:
Հավասարակշիռ, վստահ էին երիտասարդները: Չէ որ փորձուսուցման արդյունավետ կիսամյակ են ունեցել: Հետեւողականորեն, մեկիկ-մեկիկ հավաքել-վերլուծել են տվյալները, գնահատել են հանրային առողջության հետ կապված ռիսկերը, եզրակացություններ են արել եւ մշակել են առաջարկությունների փաթեթը: «Հինգ րոպե պակաս» մագիստրոսները ցուցադրական ճաշակավոր նյութեր են պատրաստել, աղյուսակներ ու գրաֆիկներ կազմել: Խոսում, հարցերին պատասխանում են թեման խորությամբ ուսումնասիրած մարդու համոզվածությամբ:
Պաշտպանությունն էլ, ըստ էության կայացած եւ սկսնակ մասնագետների երկխոսություն-քննարկում էր, որ շարունակություն պետք է ունենա արտադրության ոլորտում, նաեւ ասպիրանտուրայում:
– Ձեզ բարի երթ եւ մեզ ապահովեք անվտանգ սննդամթերքով,- պաշտպանությունների ավարտին ասաց հանձնաժողովի նախագահ Յանա Բալույանցը: