Նոյեմբերի 4-ին եւ 5-ին Գիտխորհրդի դահլիճում անցկացվեց ճշգրիտ գյուղատնտեսության եւ թվային անվտանգության ստարտափ գաղափարների մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցում էր Հայաստանի ամերիկյան համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի եւ Իրական դպրոցի ուսանողների 6 թիմ։ Մրցույթին նախորդել է ինկուբացիոն ծրագիր-փորձուսուցումը, որի ընթացքում ուսանողները մշակել են իրենց լուծումները։ Միջոցառման համակազմակերպիչներն էին Instigate եւ Pinsight ընկերությունները։
Կազմակերպիչները նախապես դիմել էին Ագրարային համալսարանին՝ թեմաների ընտրության հարցում կողմնորոշելու եւ առհասարակ կազմակերպչական աշխատանքներում օժանդակելու խնդրանքով։ Այդ աշխատանքները բարձր մակարդակով համակարգել է Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանը։
Ներկայացված նախագծերում ճշգրիտ գյուղատնտեսության կիրառման մի քանի հետաքրքիր ուղղությունները երիտասարդները բավականին հմտորեն համակցել էին IoT տեխնոլոգիաների եւ թվային անվտանգության լուծումների հետ։
Առաջին օրը թիմերը պրոֆեսիոնալ ժյուրիին, որի կազմում էր ռեկտոր Վարդան Ուռուտյանը, մանրամասնորեն ներկայացրեցին եւ ցուցադրեցին իրենց նախագծերը։ Երկրորդ օրը տեղի ունեցան նախագծերի համառոտ ներկայացումներ, որին հաջորդեց պանելային քննարկում։ Pinsight-ի հիմնադիր տնօրեն Ալֆրեդ Բաղուզեանը եւ ռեկտոր Ուռուտյանը ողջունեցին մասնակիցներին եւ կարեւոր համարեցին իր տեսակի մեջ առաջին այս միջոցառումը, որ Ֆիզիկական օբյեկտների համացանցի (IoT) ոլորտի զարգացման եւ գյուղատնտեսության ոլորտում տեխնոլոգիական լուծումներ գտնելու հարցում ագրոճարտարագիտական եւ արտադրական ոլորտների շահակիցների ջանքերի միավորման միտում ուներ։
Պարոն Ուռուտյանը, ջերմորեն ողջունելով միջոցառումը Ագրարային համալսարանում անցկացնելու նախաձեռնությունը, շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին եւ բարձր գնահատեց երիտասարդների ոչ միայն համարձակ, ստեղծարար գաղափարները, այլեւ դրանք ներկայացնելու հմտությունները, դրանց բովանդակած կրթական եւ նախագծային ուսուցման հնարավորությունները։ Նա շեշտադրեց եւ ողջունեց այն հանգամանքը, որ մասնավոր հատվածը սկսում է բավականին լուրջ ներդրումներ ունենալ կրթական համակարգում։ Մասնակիցներին ռեկտոր Ուռուտյանը հորդորեց երբեք չդադարել սովորել եւ չվախենալ ձախողումից։
Ինստիգեյթ ընկերության եւ Իրական դպրոցի համահիմնադիր Վահագն Պողոսյանն էլ, մասնավորապես կարեւոր համարեց շահագրգիռ մարդկանց եւ հաստատությունների միջեւ ցանցաստեղծումը, փոքր, բայց իրական քայլերով առաջ գնալու վճռականությունը։
Ժյուրին հրապարակեց հաղթող թիմերին, որոնք ստացան համապատասխանաբար 1000, 700 եւ 500 ԱՄՆ դոլար արժողությամբ մրցանակներ։ Առաջին մրցանակը բաժին հասավ իրականցիներ Հրաչին եւ Արեգին, որոնք առաջարկում են ընտանի կենդանիների համարակալման, տեղորոշման եւ կշռման հետաքիքիր համակարգ։
Մասնակիցներն առիթ ունեցան նաեւ ծանոթանալու ՀԱԱՀ-ի նորարարական ջերմատան եւ եղանակային կայանի աշխատանքին։
Միջոցառման ավարտական ակորդը Միքայելյանների ընտանեկան տնտեսության եւ Գեւորգյան գինու գործարանի կազմակերպած գինու եւ պանրի համտեսն էր, որն ուղեկցվեց «Լիլլա» ոկալ քառյակի՝ հայկական դասական երաժշտության գեղեցիկ կատարումներով։