– Ներկայում, երբ պետությունը խրախուսում է ստարտափ գաղափարների կենսագործումը, ճիշտ ժամանակն է բիզնես սկսելու ճշգրիտ, թվային գյուղատնտեսության ոլորտում, – սա ծրագրային եւ սարքերի նախագծման լուծումներ առաջարկող Ինստիգեյթ ռոբոտիքս ՓԲԸ ինժեներական գծով տնօրեն Ռուբեն Գյոնջյանի խորհուրդն է ՀԱԱՀ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի «Ճշգրիտ գյուղատնտեսություն» կրթական ծրագրի՝ առաջին անգամ հավաքագրված առաջին կուրսի ուսանողներին։ Պարոն Գյոնջյանի եւ Ինստիգեյթ ուսումնական կենտրոն հիմնադրամի տնօրեն Գոհար Գրիգորյանի հետ ուսանողների հանդիպման խորագիրն էր՝ «Էկոլոգիա-մարդ-ռոբոտաշինություն»։
«Գյուղատնտեսական ռոբոտաշինության եւ մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի ղեկավար, տ․գ․դ․, պրոֆեսոր Արա Ամիրյանի եւ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան, տ․գ․թ․, դոցենտ Արման Սիմոնյանի նախաձեռնած հանդիպումը, թերեւս առաջին անգամ, նորահայտ կրթական ծրագրի առաջին փաղանգի համար առարկայորեն ի ցույց դրեց ընտրած մասնագիտության իրական եւ գրավիչ հեռանկարները՝ հայրենի տնտեսության շահերը բնության հետ ներդաշնակ սպասարկելու համատեքստում։
Պրոֆեսոր Ամիրյանը կարեւոր համարեց վերոնշյալ ծրագրի շրջանակում Ագրարային համալսարանում հիմնադրված գյուղատնտեսական ռոբոտատեխնիկայի եւ մեխատրոնիկայի գերազանցության կենտրոնի հետագա շահագործման հարցում Ինստիգեյթ ռոբոտիքսի եւ Ինստիգեյթ ուսումնական կենտրոնի դերը։ Ծրագիրն ավարտվելու է 2025 թ․ հունիսին, իսկ «Ճշգրիտ գյուղատնտեսություն», ինչպես նաեւ ներդրվելիք «Ռոբոտատեխնիկա եւ մեխատրոնիկա» կրթական ծրագրերի հենանիշավորման (բենչմարկինգ), հետագա արդյունավետ ընթացքի, երիտասարդների շրջանում մասնագիտության նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու հարցում Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի Արդյունաբերական խորհրդի անդամ Ինստիգեյթ ռոբոտիքսի, ինչպես նաեւ Ինստիգեյթ ուսումնական կենտրոնի աջակցությունը կարեւոր են համարում թե պրոֆեսոր Ամիրյանը եւ թե դեկան Սիմոնյանն ու փոխդեկան Վոլոդյա Ասատրյանը, որոնք ներկա էին հանդիպմանը։ Պարոն Ասատրյանն, ի դեպ, հրավիրել էր նաեւ «Տրանսպորտային եւ լոգիստիկ համակարգեր» կրթական ծրագրի մի խումբ ուսանողների։
Ոլորտի կայացած փորձագետների հետ շփումը մեծապես օգտակար էր ուսանողների համար։ Հիմնական եզրակացությունն այն էր, որ աշխատաշուկան օր-օրի ընդլայնվում է, ճշգրիտ, թվային, բարձրտեխնոլոգիական գյուղատնտեսությունը զարգանում է, եւ գնալով ավելի ու ավելի հրապուրիչ է դառնալու երիտասարդության համար։ Բանախոսները հստակ արձանագրեցին՝ լավ գիտելիքներով միանգամից կապահովվեք մասնագիտական աշխատանքով․ ագրարային եւ հարակից ոլորտներում ճարտարագետի պահանջարկը կա եւ մեծանում է։ Այո, աշխատավարձերի մասին էլ խոսք եղավ, այո՝ յոթանիշ թվերով, սակայն որպես լավ մասնագետ կայանալու ճանապարհը երբեք դյուրին ու կարճ չի լինում։
Մեր «ճշգրիտների» առաջին խումբը կարծես պատրաստ է մարտահրավերների, պատասխանատվություն ստանձնելու եւ առաջընթացի։ Համենայնդեպս, այս մասնագիտության առաջնեկները, որ գանգատվում են գծագրության ժամերի ․․․ պակասից՝ հուսադրում են թե մեզ եւ թե մեր գործընկերներին։