Հրաչյա Զաքոյանը հաստատվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնում

ՀՀ կառավարության այսօրվա՝ ապրիլի 17-ի նիստում Հրաչյա Զաքոյանը հաստատվել է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում։ Այս մասին այսօր հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։ Հարցով զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Հիշեցնենք, որ տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հրաչյա Զաքոյանը հաղթող է ճանաչվել բուհի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու՝ 2025 թ․ մարտի 19-ին կայացած մրցույթում։ Ավելի քան 30 տարվա մասնագիտական եւ ակադեմիական գործունեության փորձառություն ունի: 2018 թվականից եղել է բուհի պրոռեկտորը, 2023 թվականի դեկտեմբերից՝ նաեւ ռեկտորի պարտականությունները կատարողը:

Պարոն Զաքոյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար եւ մասնավորապես նշել, որ գյուղատնտեսության ոլորտում կառավարության իրականացրած օժանդակության ծրագրերի արդյունավետությունը մեծապես կախված է ագրոպարենային ոլորտի որակյալ մասնագետներից, որոնց պատրաստում է այս ոլորտում երկրի միակ բուհը։ «Հենց այս պատասխանատվությամբ եւ պատրաստակամությամբ եմ ստանձնում ռեկտորի պաշտոնը՝ հստակ տեսնելով բուհի վերափոխման եւ արդիականացման անհրաժեշտությունը», – ասել է նորընտիր ռեկտորը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է նորընտիր ռեկտորին եւ մաղթել արդյունավետ պաշտոնավարում։

ԿԳՄՍ նախարարության հաղորդագրությունն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։