ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը գործակցային հերթական հուշագիրն է ստորագրել, այս անգամ Իբարի Գրուփ ընկերության համահիմնադիր եւ տնօրեն Նիկոլայ Մխիթարյանի հետ: Հուշագրի ստորագրմանը մասնակցում էր ՀԱԱՀ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը: Ընկերությունը հայաստանյան եւ արտերկրի շուկայում հայտնի է որպես բարձրորակ ջեմերի, մուրաբաների, մեղրի, նռան գինու, չրերի եւ թեյերի արտադրող, ընդ որում՝ ինքնատիպ, անշփոթելի փաթեթավորմամբ:
Հուշագրով նախատեսվող համատեղ աշխատանքների ուղղություններից մեկը, բնականաբար, ուսանողների փորձուսուցման կազմակերպումն է: Ռեկտոր Ուռուտյանը բարձր գնահատեց ընկերության հնարավորությունները՝ ուսանողների՝ որպես ապագա մասնագետների տեսլականի ձեւավորման տեսակետից:
Ինքնատիպությամբ աչքի ընկնող Իբարի ընկերությանն անհրաժեշտ են որակյալ կադրեր: Նիկոլայ Մխիթարյանը նշեց, որ քաջատեղյակ է Ագրարային համալսարանի բարեփոխումների ընթացքին եւ վստահություն հայտնեց, որ փոփոխվող ու տեխնոլոգիական զարգացման ուղիով ընթացող համալսարանի հետհուշագրով ամրագրված գործընկերությունն արդյունավետ կլինի:
Հուշագրի ստորագրումից անմիջապես հետո պարոն Մխիթարյանը հետաքրքիր հանդիպում ունեցավ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողների եւ դասախոսների հետ՝ վերջիններիս հաղորդակից դարձնելով իր հիմնադրած ընկերության անցած ուղուն, հաղթահարած եւ հաղթահարվող դժվարություններին: Ներկայացրեց այսօր իրենց ուրույն շուկայահատվածը զբաղեցնող Wild Hive օրգանական մեղրը, Beak Pick, Boon Bariq, Mrgastan ջեմերը և մուրաբաները, Coloreat մանկական ջեմերը, Rubin նռան գինին, Hero՛s չրերը եւ այլ ապրանքանիշեր:
Հետաքրքրական էր Իբարի Գրուփի փորձը, մասնավորապես, արտահանման գործում հաղթահարած դժվարությունների առումով: Ընկերության համեղ, օգտակար եւ գրավիչ արտադրատեսակներն այսօր սիրված են թե ներքին եւ թե արտահանման շուկաներում: Այս շարունակվող ճանապարհին Մխիթարյանին ու իր թիմին հաջողվում է մի քանի կարեւոր նպատակների հասնել, այդ թվում՝ զբաղեցնել ճիշտ շուկայահատված՝ գնային ճիշտ սեգմենտում, ստեղծել ճիշտ փաթեթավորում եւ սեփական պրոֆեսիոնալ ու գործարարական աճին զուգընթաց եւ համահունչ «աճեցնել» նաեւ իրենց հետ համագործակցող արտադրողներին:
Իբարի Գրուփի անշեղ սկզբունքի համաձայն՝ հայկական գաղափարն իրականացնում են հայ գյուղացու ստեղծած բերքուբարիքով, հայկական դիզայնով, եվրոպական (միայն ոչ երբեք թուրքական) տարաներով ու կափարիչներով: Հայկական որակյալ արտադրանքը մեր տնտեսության զենքն է՝ սա է մեր գործընկերոջ կարգախոսը: Կայացած ընկերությունը հեռուն գնացող ձգտումներ ու համարձակ նպատակներ ունի, որոնց վերջնական թիրախը երկրի տնտեսությունը զարգացնելն է: ՀԱԱՀ-ի հետ գործակցությունը նպաստելու է այդ նպատակների իրականացմանը, քանզի նպատակներն ու դավանած արժեքներն ընդհանուր են: