Հյուրընկալեցինք Ճապոնիայի արտաքին գործերի փոխնախարար Յուումի Յոշիկավային եւ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարին

Մայիսի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը եւ ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունեցին աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ճապոնիայի Արտաքին գործերի խորհրդարանական տեղակալ Յուումի Յոշիկավային, Արտաքին գործերի նախարարության Եվրոպական գործերի բյուրոյի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի բաժնի տնօրեն Իչիբա Հիրոակիին, պաշտոնատար այլ անձանց՝ ՀՀ-ում այդ երկրի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիի ուղեկցությամբ։

Հյուրերն այցելեցին Ճապոնիայի կառավարության եւ դեսպանության ֆինանսական աջակցությամբ կառուցված ՀԱԱՀ-ի նորարարական ջերմատուն եւ Ի-Վի-Էն գինու ակադեմիայի գինու քիմիայի լաբորատորիա եւ համտեսի սրահ։

Շրջայցի ընթացքում փոխնախարար Խոջոյանը եւ ռեկտոր Ուռուտյանը բարձր գնահատեցին ճապոնական կողմի էական օժանդակությունը, որի արդյունքներն ակնհայտորեն համալրել են ՀԱԱՀ-ի տեխնոլոգիական առաջադիմության համապատկերը։ Փոխվստահության եւ բարեկամական մթնոլորտում քննարկվեցին կրթական փոխանակումներին, գյուղատնտեսական ավելի լայն համատեքստում գործակցությանը վերաբերող հարցեր։

Ճապոնացի գործընկերները մեծապես տպավորված էին ջերմատան աշխատանքով, նորագույն տեխնոլոգիաների օգտագործմամբ լոլիկի, ելակի եւ վարդի տարբեր բուսաձեւերի մշակության մոտեցումներով, ֆարմբոտ ռոբոտային համակարգի աշխատանքով, անշուշտ՝ նաեւ աճեցվող մթերքների որակով եւ համուհոտով։ Նրանք հետաքրքրվեցին, իմացան եւ շատ տպավորվեցին ուսանողների դրած հետաքրքիր գիտափորձերով։

Գինու քիմիայի լաբորատորիայում հյուրերը գոհունակությամբ իմացան, որ լաբորատոր ծառայություններ են մատուցվում գործընկեր մի քանի տասնյակ գինեգործարանների համար, մասնավորապես լաբորատորիայի մի շարք կարեւոր անալիզների կարիքն ունեն փոքր գինեգործարանները։

Այցն ավարտվեց համտեսի սրահում, որտեղ ճապոնացի հյուրերը հաճույքով փորձեցին մեր համալսարանի՝ արդեն հայտնի «Սերունդ» գինին եւ ոչ պակաս անուշահամ EVN գինիները։

Առաջիկայում Սիսիանի մասնաճյուղում իր դռները կբացի Խելացի գյուղատնտեսության կենտրոնը, որի ստեղծման գործում իր ներդրումն ունի նաեւ մեր հուսալի գործընկերը՝ Ճապոնիայի կառավարությունը։