Հերթական այցը Շիրակի քոլեջից․ ընդունեցինք ապագա ջերմատնային ագրոնոմներին եւ անասնաբույժներին

Երեկ՝ հոկտեմբերի 2-ին, աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանն ընդունեց ՀԱԱՀ Շիրակի ակադեմիկոս Մ․ Թումանյանի անվան քոլեջի Ջերմատնային տնտեսություն եւ Անասնաբուժություն մասնագիտությունների ուսանողներին եւ դասախոսներին։ Նա նախ ներկայացրեց համալսարանի կրթական ծրագրերը, աշխատաշուկայում մրցունակ ագրարային մասնագիտությունների առկա պահանջարկը, համալսարան ընդունվելու՝ այդ թվում արտոնյալ, պայմանները, աշխատանքային կիսամյակի ձեւաչափով փորձուսուցման նորարարական գործելակերպի արմատավորման հարցում ոլորտի գործատուների հետ համագործակցությունը, արտերկրում ուսանելու հնարավորությունները, ուսանողական կյանքը եւ այլն։

Հետեւեց համալսարանի մի քանի ենթակառույցներում շրջայցը․ տիկին Մնացականյանի ուղեկցությամբ եղան Գարեջրագործության եւ թորման ուսումնափորձարարական, Հացի, հրուշակեղենի եւ շոկոլոդագործության, Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի լաբորատորիաներում, Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման կենտրոնում, գյուղատնտեսական ԱԹՍ-ների լաբորատորիայում եւ ջերմատանը։

Շիրակցի ուշիմ պատանիները մեծ հետաքրքրությամբ եւ անշուշտ ոչ առանց իրենց ներհատուկ գեղեցիկ հումորային դրսեւորումների՝ ընդունեցին-ընկալեցին եւ շնորհակալ եղան ստացած տեղեկությունների համար։ Հարցեր տվեցին մասնագիտությունների մասին, համալսարանում ուսումը շարունակելու վերաբերյալ մտադրության մասին բարձրաձայնեցին, «ոտքի վրա» առաջին որոշումները կայացրեցին, խոստացան վերադառնալ․․․