Համագործակցում ենք․ հարեւանի արտադրական դրական փորձն ու այն կիրառելու լայն հնարավորությունները

Հոկտեմբերի 13 -19-ը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ իրկանացվող 21T-4C087 «Գուղատնտեսական մշակաբույսերի կաթիլային ոռոգման ռեժիմի եւ տեխնոլոգիաների ուսումնասիրություն» թեմայի շրջանակում՝ փորձի փոխանակման նպատակով, այցելել եմ Իրանի Պոլիրան խոշորագույն արտադրական ընկերություն։ Այն մասնագիտացած է ոռոգման եւ ջրամատակարարման ոլորտում բարձրորակ խողովակների, ձեւավոր մասերի, դրանց մոնտաժման, նախագծման եւ շահագործման ուղղությամբ։

Պոլիրան  կազմակերպությունը պոլիէթիլենի բարձր որակի հումքով արտադրում է ոռոգման նորագույն տեխնոլոգիաների պահանջներին համապատասխան սարքավորումներ։ Հատկապես ոռոգման համակարգերը նախագծվում են տարբեր մշակաբույսերի կաթիլային ոռոգման, դրանց պարարտացման, բույսերի հիվանդությունների եւ վնասատուների դեմ պայքարի միջոցառումների մշակման համար։

Ընկերությունը մեծ քայլ է կատարել ենթահողային կաթիլային ոռոգման, այս տեխնոլոգիայի անթերի իրականացման եւ ամբողջ գործընթացի ավտոմատացման  ուղղությամբ։ Բոլոր գործընթացները վերահսկում են ընկերության բազմաթիվ լաբորիատորիաները, որոնց առկայությամբ գրեթե բացառվում են ոռոգման եւ ջրամատակարարման ոլորտներում թերացումները։

Մասնակցել  եմ դաշտային օրերի եւ սեմինարների։ Դաշտային օրերին ուսումնասիրել եմ ավելի քան 300 հա ձիթապտղի այգիների կաթիլային ավտոմատ համակարգերի կառուցվածքը, շահագործման առանձնահատկությունները, տնտեսական արդյունավետությունը։ Այնուհետեւ այցելել եմ ֆերմերային տնտեսություններին պատկանող 350 հա տարածքով խաղողի այգիների ավտոմատ կառավարմամբ ոռոգման տեղամասեր։ Արդյունքները հրաշալի էին բոլոր առումներով՝ ջրի խնայողության, աշխատանքի արտադրողականության, բերքատվության բարձրացման եւ բերքի որակի ապահովման։

Պետք է նշել, որ «Poliran» ընկերությունը շատ մեծ քայլ է կատարել հատկապես ճշգրիտ գյուղատնտեսության ուղղությամբ, քանի որ գրեթե բոլոր դաշտային պարամետրերը չափվում, գրանցվում, վերլուծվում եւ դրանց հիման վրա որոշումներ են կայացվում թվային տեխնոլոգիաների կիրառման ճանապարհով։ Ընկերության հնարավորությունները շատ լայն են՝ կրթության, գործնական խնդիրների արդյունավետ լուծման եւ ֆերմերային տնտեսությունների խորհրդատվության ուղությամբ։

Ձգտելով ընդլայնել մասնագիտական գործունեության աշխարհագրությունը Պոլիրանը Հայաստանում համագործակցում է Տանիք Վայք ընկերության հետ, որը ունի համագործակցության հուշագիր մեր բուհի հետ։ Կարծում ենք, այս այցելությունը նոր հնարավորություն կստեղծի ընդլայնելու Պոլիրան  եւ Տանիք Վայք ընկերությունների համագործակցությունը համալսարանի հետ։ Հազվադեպ է պատահում, որ պրոֆեսիոնալ արտադրությամբ  զբաղվող ընկերությունը իր գործնեությունը կազմակերպի եւ իրականացի բացառապես միջազգային գիտական եւ կրթական մակարդակով, ցուցաբերելով մեծ ազնվություն եւ հայրենասիրություն՝ գյուղատնտեսական եւ ճարտարագիտական կրթության հանդեպ։

Կարծում եմ, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը եւ հիշյալ երկու ընկերությունը մեծ ներուժ ունեն համագործակցելու գյուղատնտեսության մեջ թվային տեխնոլոգիաների ներդրման ընդլայնման ուղղությամբ։

Գուրգեն ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ, գ.գ.դ., պրոֆեսոր