Երեկ՝ հունվարի 14-ին, Սիսիանի մասնաճյուղի Խելացի գյուղատնտեսության կենտրոնում կայացավ խելացի անասնաշենքի բացման արարողությունը։ Մասնակցում էին Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը, ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը, խելացի անանասնաշենքի կառուցմանն աջակցած Հայ օգնության ֆոնդի եւ տոհմային ցեղատեսակների կովերի ձեռքբերման հարցում աջակցած «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության եւ ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի պատասխանատուները։
Պարոն Զաքոյանը ողջունեց եւ շնորհավորեց ներկաներին՝ բարձր գնահատելով տարածաշրջանում անասնապահության նոր մշակույթի ձեւավորման այս հնարավորությունը եւ շնորհակալություն հայտնելով համալսարանի գործընկեր կազմակերպություններին կարեւոր ներդրման համար, որի առիթով շնորհակալագրեր հանձնեց գործընկերներին։
Անասնաշենքը վերջերս է համալրվել Շվից եւ Հոլշտեյն ցեղատեսակների 8 տոհմային կովերով, իսկ 20-օրական հորթուկները տոնական ժապավեններով դիմավորեցին հյուրերին։
ՄԱՎԵՏԱ ծրագիրը Սիսիանի մասնաճյուղին աջակցում է նաեւ միջին մասնագիտական կրթական ծրագրում դուալ կրթություն իրականացնելու գործում։ Բացման արարողության ժամանակ այդ կրթական ծրագրի «Կաթի եւ կաթնամթերքի տեխնոլոգիա» բաժնի ուսանողները որոշեցին նորաբաց ֆերմայում ստացված կաթի ֆիզիկաքիմիական ցուցանիշները եւ արձանագրեցին, որ դրանք համապատասխանում են պահանջվող նորմերին։
Ներկաները հաճույքով համտեսեցին մասնաճյուղի լաբորատորիայում պատրաստված պանիրը։