Օգոստոսի 10-ին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունել է Տոկիոյի գյուղատնտեսության եւ տեխնոլոգիայի համալսարանի Գյուղատնտեսության ինստիտուտի Միջազգային բնապահպանական եւ գյուղատնտեսական գիտության բաժնի պրոֆեսոր Յոշիկո Կավաբատային։ Քննարկվեցին համագործակցության մի քանի ուղղություններ, մասնավորապես՝ ճշգրիտ գյուղատնտեսության բանագավառում։
Հանդիպմանը ներկա էին ՀԱԱՀ շրջանավարտ Դավիթ Մեջլումյանը եւ համալսարանի աշխատակից, ծրագրի ղեկավար Գառնիկ Սեւոյանը։ Պրոֆեսոր Կավաբատան Տոկիոյի գյուղատնտեսության եւ տեխնոլոգիայի համալսարանում պարոն Մեջլումյանի գիտական ղեկավարն է, իսկ սեպտեմբերից, երբ նույն համալսարանի ասպիրանտուրայում ուսումնառությունը սկսի պարոն Սեւոյանը, հաճույքով կղեկավարի նաեւ նրա գիտական գործունեությունը։
Պրոֆեսոր Կավաբատան նաեւ ծանոթացավ ՀԱԱՀ Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման տեխնոլոգիական հետազոտական կենտրոնին եւ Գյուղատնտեսական անօդաչու թռչող սարքերի լաբորատորիային։
Երկուստեք օգտակար եւ հաճելի հանդիպումը պրոֆեսոր Կավաբատայի համար հիշարժան կդառնա նաեւ մեր համալսարանի «Սերունդ» գինիով, որը նրան նվիրեց ռեկտոր Ուռուտյանը։