Սիրելի ուսուցիչներ։
Այսօր` հոկտեմբերի 5-ին, աշխարհի ավելի քան 100 երկրներում նշվում է Ուսուցչի օրը․ նշվում է տարբեր տրամադրություններով, միջոցառումներով, մոտեցումներով։ Համընդհանուրն այն է, որ ամենուրեք գնահատվում եւ մեծարվում է ուսուցիչների կատարած աշխատանքը՝ հանուն մատաղ սերնդին, երիտասարդությանը իրենց երկրի իսկական քաղաքացին ու տերը դարձնելու նպատակի։
Այս տարի մասնագիտական տոնը նշում ենք ազգային ու պետական կյանքում աննախադեպ մի իրավիճակում, երբ մեր հայրենիքի մի մասը՝ Արցախը հայաթափվում է։ Սակայն 21-րդ դարի ցեղասպանները շատ բան չեն հասկանում, այդ թվում սարոյանական «տեսեք՝ նորից չե՞ն հառնի» բանաձեւը։ Չեն հասկանում, որ հայ ուսուցիչ կոչվող զինվորին ոչ մի ուժ չի կարող ստիպել թողնել դիրքերը:
Եվ այդ հառնումը լինելու է հենց մեր ուսուցիչների, առաջին հերթին մեր ուսուցիչների շնորհիվ։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի մանկավարժական ուժեղ թիմի օրինակով գիտեմ, համոզված եմ եւ ուրախությամբ ազդարարում եմ, որ մեր սիրելի ուսուցիչներն ամենօրյա դժվարին, ստեղծարար աշխատանքով ապահովում են նոր սերնդի ուղիղ կապն ու առնչությունը Հայաստանի ապագայի հետ, որը լուսավոր է լինելու։
Հանգամանքների բերումով հայաստանյան ուսուցիչների հզոր ու գեղեցիկ բանակն այսօր համալրվում է Արցախից բռնի տեղահանված մեր գործընկերներով։ Եվ մենք ամեն ինչ պետք է անենք, որ ինտեգրումը լինի անցավ ու սահուն։ Նրանք այն մարդիկ են, որ պատերազմի, շրջափակման դաժան պայմաններում արել են իրենց հայրենանվեր գործը եւ հիմա այստեղ են՝ հզորացնելու մեր դպրոցը, այլ խոսքով՝ հզորացնելու Հայրենիքը։
Սիրելի ուսուցիչներ, սիրելի գործընկերներ, շնորհավորում եմ Ուսուցչի օրվա առթիվ, մաղթում, որ համատեղ ջանքերով, նոր սերնդի եւ մեր երկրի ապագա հաղթանակների հանդեպ մեր պարտքի ու պատասխանատվության լիակատար զգացումով, միասին, լավատեսությամբ, վճռականությամբ, սրտով ու գիտությամբ անենք մեր գործը։ Որքան էլ փոխվի դարը, ինչ տեխնոլոգիաներ էլ ի հայտ գան, ուսուցիչն է կրթական համակարգի ծանրության կենտրոնը, սիրտն ու հոգին, կառավարիչն ու ղեկավարը, հրամանատարն ու զինվորը։
Բարին ընդ ձեզ։ Աստված օրհնի Հայաստանը, հայ ժողովրդին եւ հայ ուսուցչին։