ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի Ամանորի եւ Սուրբծննդյան ուղերձը

Սիրելի բարեկամներ։

Աշխարհը եւ Հայաստանը հրաժեշտ են տալիս ծանր մարտահրավերներով, սպառնալիքներով եւ այդուհանդերձ նաեւ հետաքրքիր ու հուսաբեր զարգացումներով հարուստ եւս մեկ տարի՝ 2022 թվականը։

Անցնող տարում մեր ժողովուրդը տեսավ, զգաց ու իմաստավորեց ամեն ինչ՝ գոյութենական սպառնալիքներից եւ քաղաքական ցնցումներից ու հիասթափություններից մինչեւ տնտեսական առաջընթաց, նորագույն տեխնոլոգիաների շարունակական հաղթարշավ եւ ապրելու, արարելու կամքի ու կարողության ամրապնդում։ Բոլորիս հայտնի եւ մինչ այժմ շարունակվող տագնապների կողքին հայ ժողովուրդը եւս մեկ քայլ արեց դեպի հույսը սեփական ներուժի վրա դնելու, գիտահենք ու բարձրտեխնոլոգիական տնտեսության, արդիական, միջազգայնորն մրցունակ կրթության զարգացման գիտակցումը։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մեծ ընտանիքը հանգիստ խղճով է փակում տարին։ Մենք հերթական առաջընթացը գրանցեցինք կրթության որակի բարձրացման, գիտական գործունեության կիրառական արդյունքների ստեղծման, գյուղատնտեսության եւ հարակից ոլորտներում գիտասփյուռ-խորհրդատվական աշխատանքների իրականացման գործում։ 2022-ին թե մայր բուհում եւ թե մասնաճյուղերում գործարկվեցին մի շարք նոր, կարեւոր առաքելություն ունեցող ենթակառույցներ, որոնք որակական նոր հարթություն են բարձրացրել բուն ուսումնահետազոտական գործընթացը եւ կարճաժամկետ վերապատրաստման ծրագրերի միջոցով հարյուրավոր նոր աշխատատեղեր են ստեղծել գյուղատնտեսության, վերամշակման եւ այլ ոլորտների համար։

Հայաստանի բուհական համակարգում առաջին անգամ եւ մեծ հաջողությամբ իրագործեցինք աշխատանքային կիսամյակի նորարարական ձեւաչափով փորձուսուցման գաղափարը՝ մեր գաղափարակից բազմաթիվ ընկերությունների հետ համատեղ սկզբնավորելով գործընկերային միանգամայն նոր մշակույթ։

Նոր թափ են ստացել ավագ դպրոցներում մասնագիտական կողմնորոշման աշխատանքները, ընդ որում շուտով դպրոցներում ներդրվելիք «Ագրոտեխնոլոգիաներ» դասընթացը վստահաբար կնպաստի դիմորդների քանակի աճին եւ համալսարանի ընդունելության ցուցանիշների բարելավմանը։

Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը դիմավորում ենք մեծ հույսերով, հավատով ու վստահությամբ։ Առաջիկա մի քանի ամսում շարք են մտնելու եւս 15 նոր կենտրոններ ու լաբորատորիաներ մայր բուհում եւ Վանաձորի ու Սիսիանի մասնաճյուղերում։ Մենք շարունակելու եւ ավարտական փուլին ենք մոտեցնելու մեր վստահ ընթացքը դեպի ագրոտեխնոլոգիական կրթության եւ գիտության գերազանցության կենտրոն դառնալու մեր ռազմավարական նպատակի իրականացումը։

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Թող մեր երկիրը վերջապես գտնի արժանապատիվ ու հաստատուն խաղաղությունը։ Թող, ինչպես կասեր Վիլյամ Սարոյանը, հայու դեմքից պակսի թախիծը։ Թող ձեր ընտանիքները լինեն երջանիկ ու բարեկեցիկ։ Թող 2023-ը լինի խաղաղ, արդյունարար եւ գնահատված աշխատանքի եւ ուսման տարի․ եկեք այն դարձնե´նք այդպիսի տարի՝ մեր ամենօրյա լրջմիտ նվիրումով։

Աստված օրհնի Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը, Հայոց բանակը, Ագրարային համալսարանը եւ ձեզ բոլորիդ։