Հայաստանի ազգային ագրարային համալսարանի սիրելի ուսանողներ։
Այսօր նոյեմբերի 17-ն է եւ ուսանողներն ամբողջ աշխարհում նշում են Ուսանողների միջազգային օրը։
Այս տարի տոնը դիմավորում ենք Ագրարայինի եւ նրա ուսանողների ապագայի հանդեպ շատ ավելի մեծ վստահությամբ եւ համատեղ ձեռքբերումները գնահատելով։ Դուք քաջատեղյակ եք, որ այս տարի ՀԱԱՀ-ին տրամադրվեցին հնարավորություններ բազմաթիվ կրթական ծրագրերով արտոնյալ պայմաններով ուսանողներ ընդունելու, մի շարք կրթական ծրագրերով առկա ուսուցման առաջին կուրսի ուսանողներին 70 հազար դրամ, իսկ նույն կրթական ծրագրերով բարձր առաջադիմություն ունեցող 2-ից 4-րդ կուրսերի ուսանողներին, նույնիսկ ավելի (90-ից բարձր մոգ ունեցողներին ամսական 77 հազար դրամ) կրթաթոշակ վճարելու։ Աներկբա է, որ նշված արտոնությունները թույլ կտան առաջիկայում լրացնելու երկրում ագրոպարենային ոլորտի բարձրակարգ մասնագետների պակասը։
Սակայն ապագային վստահ հայացքով նայելու համար մենք ունենք եւս մեկ, ավելի կարեւոր կռվան՝ մեր ուսանողների գիտակից ընտրությունը, ավելի ու ավելի նպատակասլաց մոտեցումը մասնագիտությանը, առաջին համարձակ ու վստահ քայլերը անընդհատ նորացվող եւ թվայնացվող մասնագիտական աշխարհում։ Դեռ Խրիմյան Հայրիկն էր ասում․ «Հին գործիքները նաեւ հին նախապաշարմունքն ի բաց թողնելով, պետք է ընդունենք նորանոր գործիքները»։
Ներկայում, երբ մեր երկրում մեծածավալ աշխատանքներ կան կատարելու պարենային անվտանգության ապահովման ուղղությամբ, դուք՝ Ագրարայինի այսօրվա ուսանողներդ, պատմականորեն կարեւոր դերակատարություն ունեք․ նաեւ դուք եք մեր երկրի պարենային անվտանգության ապահովման հույսն ու պատասխանատուն։
Սիրելի ուսանողներ, ջերմորեն շնորհավորում եմ Ուսանողների միջազգային օրվա առթիվ, մաղթում հաջողություն ուսման մեջ եւ աննահանջ վերելք մասնագիտական ու անձնական զարգացման սանդուղքով։
Օգտվելով առիթից, հատուկ շնորհավորանքս եմ հղում օրեր առաջ Ագրարային համալսարանի եւ Վանաձորի ու Սիսիանի մասնաճյուղերի բակալավրիատի հեռակա ուսուցման 1-ին կուրս ընդունված շուրջ 650 ուսանողներին ոչ միայն Ուսանողների միջազգային օրվա, այլեւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների շարքերը համալրելու կապակցությամբ։
Վստահ եղեք, որ համալսարանի դասախոսներն ու ղեկավարությունը, լայն առումով պետությունն ու հասարակությունը ըստ արժանվույն են գնահատելու Հայրենիքը շենացնելու ձեր պատրաստակամությունը։