ՀԱԱՀ շրջանավարտները ջերմորեն ընդունեցին ապագա տնտեսագետներին

ՀԱԱՀ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի Ագրոբիզնես կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողների համար Ագրոբիզեսի կառավարման եւ քաղաքականության ամբիոնի դոցենտ Լուսինե Աղասարյանը կազմակերպել էր ճանաչողական այց մսամթերք արտադրող «Բեկոն պրոդուկտ» ՍՊԸ։

«Արտադրության կազմակերպումը սննդարդյունաբերական ձեռնարկություններում» առարկան ուսումնասիրելուց հետո սա շատ լավ առիթ էր՝ տեսական նյութը արտադրական գործընթացում ամրապնդելու համար: Ուսանողներին դիմավորեցին արտադրանքի որակի վերահսկման բաժնի ղեկավար Վահե Ղազարյանը  եւ արտադրության տնօրենի տեղակալ Արման Ղազարյանը։

«Նրանց ջերմ ընդունելությունը պայմանավորված էր նաեւ մեր համալսարանի շրջանավարտներ լինելով: Այս փաստը ոգեւորեց ուսանողներին՝ Վահեի եւ Արմանի օրինակով նրանք համոզվեցին, որ կայուն գիտելիքը միշտ էլ գնահատվում է։ Իսկ ահա արտադրական գործընթացին ծանոթացնելու ընթացքում Բեկոն պրոդուկտի աշխատակիցները հաճելիորեն զարմացած էին մեր ուսանողների բազմակողմանի գիտելիքներով»,- ասում է դոցենտ Աղասարյանը:

Ուսանողներն ընկերությունից վերադարձան ոգեւորությամբ, թերեւս մասնագիտական կարիերայի առումով ավելի բյուրեղացած ներքին որոշումներով եւ իհարկե՝ Բեկոն պրոդուկտի համեղ նվերներով: