Օրերս համալսարանում էին փորձառու, հեղինակավոր ագրոնոմներ, մասնավոր հատվածի գործատուներ, պետական եւ հասարակական կառույցների ներկայացուցիչներ: Օրակարգում ՀԱԱՀ Ագրոնոմիական ֆակուլտետին կից արդյունաբերական խորհուրդ ստեղծելու հարցն էր: ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ողջունելով հյուրերին, նշեց, որ արդյունաբերական խորհրդի նպատակն է «լինել Ագրոնոմիական ֆակուլտետի թիկունքին»: Խորհուրդը նպաստելու է կրթական ծրագրերի արդիականացմանը, ոլորտային կրթության մրցունակության բարձրացմանը:
Ագրոնոմիական ֆակուլտետը, որտեղ այսօր սովորում է ավելի քան 430 ուսանող, 37 մագիստրանտ եւ 7 հայցորդ, առաջինը ներդրեց փորձուսուցման աշխատանքային կիսամյակի մոդելը, որը պսակվեց հաջողությամբ: Ֆակուլետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը նշեց, որ աշխատանքային կիսամյակ անցած 4-րդ կուրսի ուսանողներն արդեն ներկայանում են որպես պատրաստի, մրցունակ մասնագետներ:
Հանդիպմանը ներկա գործատուները, որոնց մի մասի մոտ ուսանողներն անցել էին վճարովի փորձուսուցում, աշխատանքային կիսամյակի գաղափարը գնահատեցին արդյունավետ, նույնիսկ առաջարկ եղավ այն դարձնել մեկ տարի: Երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտի նկատմամբ երիտասարդության շրջանում հետաքրքության նվազումը մտահոգում է նաև ոլորտի ներկայացուցիչներին: «Մենք կարիք ունենք մասնագիտական կրթությամբ տեղացի աշխատակիցների»,- նշեց «Գրինկո» ՍՊԸ ներկայացուցիչ Գարիկ Ասատրյանը՝ հավելելով, որ կազմակերպությունը պատրաստ է սկսնակ մասնագետներին ընդունել աշխատանքի՝ շատ բարձր աշխատավարձով:
Շահագրգիռ քննարկումներով անցած հանդիպման ավարտին ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր՝ Ագրոնոմիական ֆակուլտետին կից արդյունաբերական խորհուրդ ստեղծելու վերաբերյալ: Խորհուրդը ոլորտային բարեփոխումների իրականացման հարթակ կհանդիսանա, որտեղ կողմերը կհամագործակցեն ակադեմիական կրթության բարեփոխումների, ուսանողների գործնական հմտություների զարգացման, ենթակառուցվածքների բարելավման, գիտահետազոտական աշխատանքների կատարման եւ այլ հարցերի շրջանակում: Մասնավորապես կկատարվի գործատուների կարիքների համատեղ գնահատում եւ կրթական ծրագրերի համապատասխանեցում աշխատաշուկայի պահանջներին, կմշակվեն կարճաժամկետ դասընթացներ, կիրականացվի դասախոսների վերապատրաստում ոլորտի մասնավոր ընկերություններում, կհիմնվի նաեւ կրթության զարգացման ֆոնդ եւ այլն։ «Համատեղելով բոլորիս ջանքերը՝ վստահ եմ կարող ենք ստեղծել այն միջավայրը, որն անհրաժեշտ է ոլորտի համար մեր պատկերացրած մասնագետներին պատրաստելու համար»,- հանդիպումը եզրափակեց բուհի ղեկավարը:
Նշենք, որ Ագրոնոմիական ֆակուլտետից բացի նախատեսվում է արդյունաբերական խորհուրդներ ստեղծել նաեւ բուհի մյուս ֆակուլտետներին կից: Նախաձեռնությունն Ագրարային համալսարանինն է, իսկ նախաձեռնության գործընկերը «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագիրն է, որն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ: