Կոոպերատիվի կայացումը մեկնարկում է պատշաճ խորհրդատվությունից

Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքի մի խումբ ֆերմերներ գյուղատնտեսական կոոպերատիվ ստեղծելու մտադրություն ունեն, եւ նպատակահարմար համարեցին գործընթացի մեկնարկային ճիշտ որոշումներ կայացնելու նկատառումով հրավիրել ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանին՝ այս թեմայով սեմինար անցկացնելու համար։

Տասներկու ֆերմերներ միավորվել են՝ հատիկաընդեղեն մշակաբույսերի արտադրություն հիմնելու եւ դրանով իրենց խնդիրները լուծելու ու եկամուտները բարելավելու նպատակով։ Խումբը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ)՝ Սյունիքում ֆերմերային խմբերի աջակցության ծրագրի շահառուներից է։

Մի քանի ժամ տեւողությամբ սեմինարի ընթացքում պարոն Ուռուտյանը խնձորեսկցիներին հաղորդակից դարձրեց կոոպերատիվների գաղափարին, սկզբունքներին, արժեքներին, կառավարմանը, մարկետինգին, գույքի ձեւավորման աղբյուրներին, գյուղատնտեսության մասին նոր օրենքին եւ հարակից բազում այլ հարցերի։

Նմանօրինակ խորհրդատվությամբ ռեկտոր Ուռուտյանն օգնել է Բերդի տարածաշրջանի Նորաշեն կոոպերատիվի ստեղծմանը, որը նույնպես մասնագիտացել է հատիկաընդեղեն մշակաբույսերի արտադրության եւ շուկայահանման ուղղությամբ։ Նորաշենն այսօր կայացած կոոպերատիվ է՝ արդեն հարյուրհազարավոր դոլարի ակտիվներով եւ արդեն համայնքի մի շարք խնդիրների հաղթահարմանն օգնելու իր կարողությամբ ու պատրաստակամությամբ։ Գյուղական կյանքի եւ ավանդույթների՝ օրերս կայացած ամենամյա փառատոնին նորաշենցիներն արդեն ներկայացել էին սեփական արտադրանքով։ Համալսարանը շարունակում է սերտ համագործակցությունը այս կոոպերատիվի հետ։

«Բարեբախտաբար այսօր համատեղ խնդիրներ լուծելու պատրաստակամություն ունեցող եւ կոոպերատիվ գաղափարի շուրջ միավորվող ֆերմերային խմբերի մեջ քիչ չեն նրանք, որ պատրաստ են սեփական գումար ներդնել եւ, որ շատ կարեւոր է՝ առաջնորդվում են հենց կոոպերատիվ արժեքներով, մի բան՝ որ երկար տարիներ բացակայել է։ Հենց այդպիսի խմբերն են հաջողության հասնում»,- ասում է պարոն Ուռուտյանը։