«Կերթամ աղբյուրը լույսին». Ուսուցչի օրը Բաբկեն Չոբանյանի հետ

Այս խորագրով հանդիպումը Երեւանի դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Բաբկեն Չոբանյանի հետ էր եւ կայացավ Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորում, հոկտեմբերի 5-ին, Ուսուցչի օրվա կապակցությամբ: Հանդիպումը ՀԱԱՀ Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի մանկավարժների ու աշակերտների, համալսարանի ղեկավարների ու դասախոսների համար հետաքրքիր հնարավորություն էր ոչ միայն ավելի մոտիկից շփվելու սիրված դերասանի հետ, այլեւ գնահատելու վարժարանի սաների՝ ասմունքելու, երգելու հմտությունը, հետաքրքիր հյուրի հետ շփվելու բավականին բարձր մշակույթը:

Վարժարանի մանկավարժական հանրույթին տոնի առթիվ շնորհավորեցին վարժարանի տնօրեն Արաքս Հակոբյանը եւ Բաբկեն Չոբանյանը: Շատ բարձր գնահատելով ուսուցիչների դերը, տիկին Հակոբյանը նշեց, որ հենց ուսուցիչների եւ նրանց սաների շնորհիվ է, որ մենք կանք ու զարգանում ենք որպես երկիր ու հասարակություն: «Գիտելիքի, կրթության ծարավը հագեցնելու մեր կարողությունն է, որ մեզ առաջնորդում է դեպի ավելի լավ հասարակություն, դեպի մեր ազգային նպատակների իրականացում»,- ասաց վարժարանի տնօրենը: Նա հաճույքով տեղեկացրեց երկրից բացակայող ռեկտոր Վարդան Ուռուտյանի՝ Ուսուցչի օրվա առթիվ վարժարանի մանկավարժներին հասցեագրած ուղերձի մասին:

Պարոն Չոբանյանը, ինչպես պարզվեց, համալսարանում էր ոչ միայն որպես հյուր ու բանախոս, այլեւ որպես ծնող. նրա երկու որդիները մեր վարժարանում են եւ իրենց դրսեւորում են որպես լավագույն աշակերտներ: Հանդիպումը, ինչպես կատակեց տիկին Հակոբյանը, «ծնող կանչելու» շատ գեղեցիկ տարբերակ էր:

Հանդիպման ընթացքում աշակերտներն իրենց հասուն (այդպես բնութագրեց պարոն Չոբանյանը) հարցերով շերտ առ շերտ բացահայտեցին արվեստագետի կերպարը, որի հետեւում երեւաց մարդը, քաղաքացին, հայրենասերը, ինչու չէ՝ նաեւ գյումրեցին: Որքան էլ բանախոսը փորձեց «հիասթափեցնել» ներկաներին իր «սովորականությամբ», սակայն մեր առջեւ հառնեց մտավորական հայի եւ երկրի նվիրյալ քաղաքացու կերպարը:

Բաբկեն Չոբանյանը ջերմորեն շնորհավորեց վարժարանի ուսուցիչներին, ավանդական մաղթանքներին ավելացնելով՝ «Երբեք մի հոգնեք, մի հիասթափվեք եւ մի բավարարվեք ձեռք բերածով, եւ տա Աստված՝ մեր հասարակությունում երբեւէ ուսուցիչն իր կարգավիճակով լինի այն բարձրության վրա, ինչ, ասենք, Ճապոնիայում է»: Նա շնորհակալություն հայտնեց վարժարանի մանկավարժներին, տնօրենին եւ համալսարանին՝ այն միջավայրի համար, որում սովորում են իր զավակները: «Ծնողի համար այդպիսի միջավայրը անգնահատելի բավարարություն է»,- ասաց սիրված դերասանը:

Միջոցառման ավարտին գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը ռեկտորի անունից շնորհակալագրեր հանձնեց իրենց առաքելության մեջ աչքի ընկած երեք մանկավարժների: